Մատչելիության հղումներ

Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը հաստատվեց, Ջրաձոր գյուղը կտեղափոխվի


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը: Առաջին փուլում նախատեսվում է, որ այն կունենա 25 մլն լիտր տարողություն, երկրորդ փուլում կհասնի 60 միլիոնի։ Ջրամբարի կառուցումը մեկնարկել է դեռ խորհրդային տարիներին, սակայն այդպես էլ ավարտին չի հասցվել։

Ծրագրի իրագործման համար գերմանական KFW բանկը 60 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի, տեղեկացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը. - «Կապսի ջրամբարի նաև թղթակցվում է ռեգիոնալ խնդիրներ հետ, գաղտնիք չէ, որ մենք ջրերի կառավարման խնդիրներ ունենք նաև հարևան երկրի հետ` ջրօգտագործման հետ կապված, և այս պարագայում մենք որոշակիորեն մեղմում ենք նաև այդ ռիսկերը, որոնք կարող են լինել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը իր ջրային ռեսուրսները լիարժեք չի կարողանում օգտագործել. - «Մոտավորապես տարեկան 7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրսներ, որ ձևավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց մենք փաստորեն կարողանում ենք կառավորել դրա մի շատ չնչին տոկոսը` մոտավորապես 10-15 տոկոսը, և մենք պետք է այստեղ կարողանանք շատ լուրջ ռազմավարական նպատակադրումների հասնել»:

Ջրամաբարի կառուցման համար շրջակա մի քանի համայնքներից գյուղատնտեսական հողեր են գնվելու, իսկ ահա մոտ 350 բնակիչ ունեցող Ջրաձոր գյուղը կտեղափոխվի։ Ջրաձորի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը իր տան բակից ցույց է տալիս, թե նոր գյուղի կառուցման համար որտեղ է կատարվել հողհատկացումը. - «Մենք 19 թվականին ենք կատարել: Էսպես էր, որ երկրաշարժը եղավ, փլուզվեց ամեն ինչ, ու էսպես մնաց: Մենք նախկինների հետ էլ ենք աշխատել, հա տեղափոխում, հա տեղափոխում գումար չլինելու պատճառով, էտպես մնաց»:

Գյուղում ոմանք արդեն լսել էին, որ կառավարության այսօրվա նիստում նաև իրենց համայնքի տեղափոխման հարցն է քննարկվել։ «Սովետը քանդվավ, ըտպես մնաց, հիմա տիա որոշումը կա, էսօր կառավարությունը, լսեցինք, ընդունեց էտ որոշումը, մենք էլ ողջունում ենք էտ որոշումը: 58 տարեկան ապրել ենք ըստեղ, գոնե քանի տարի կերթանք, առոք-փառոք էնտեղ կապրինք», - ասում է բնակիչներից մեկը: Մյուսը նշում է` համաձայն են, որ տեղափոխվեն:

Պաշտոնյաները եկել ու գյուղացիների կարծիքը հարցրել էին։ Ջրաձորը 88-ի երկրաշարժից տուժել է, սակայն այդպես էլ չի վերականգնվել, ավելին՝ տարիներ շարունակ նույնիսկ քարտեզի վրա չկար: Տարբեր տարիների իշխանությունները դա պայմանավորում էին ջրամբարի մոտալուտ կառուցմամբ, հարցը գրեթե բոլոր կառավարությունների օրակարգում եղել է ու շարունակաբար դուրս մնացել։ Ի դեպ, Կապսի ջրամբարի կառուցումը ներառված էր նաև Միացյալ Նահանգների կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը սառեցվեց 2008-ի հետընտրական արյունալի դեպքերից հետո։

Ջրաձորի տեղափոխման և նոր գյուղ կառուցելու համար պետական բյուջեից մոտ 4.9 մլրդ դրամ կպահանջվի, տեղեկացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը. - «Այս ամբողջ վերաբնակեցման ծրագիրը մենք պարտավորվել ենք իրականացնել մեր միջոցների հաշվին, սա պետական ծրագիր է, պետական ռեսուրսով, միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված, և արդեն իսկ նախագծերի ունենալու պարագայում և գործողությունների ծրագրի ունենալու պարագայում մենք անմիջապես կսկսենք այս աշխատանքների իրականացումը»:

Փոխնախարարը նաև ներկայացրեց ապագա գյուղի մոդելը. - «Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով: Սա նաև հնարավորություն է` ունենալու ջրամբարով պայմանավորված նոր տիպի բնակավայր»:

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նոր գյուղ կառուցվում. - «Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն հենց Ջրաձորի և Ջրաձորի բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ, կոնկրետացնելու վերաբերյալ»:

Հաջորդ տարի պատրաստ կլինի նոր Ջրաձորի նախագիծը, որին հաջորդելու է շինարարի ընտրության մրցույթը: Գործադիրը նախատեսում է գյուղը կառուցել երեք տարվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG