Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպել է երկրի մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը , Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, որը միաժամանակ նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Գ․ Գյուրջիևի անվան ժողնվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Իսկենյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել:

Արմեն Սարգսյանը նշել է, որ «կորոնավիրուսի պատճառով դժվարությունների առջև հայտնված, այսպես ասած «նյութական ոլորտների» կողքին, շատ էական ու կարևոր է մշակույթը, որովհետև իր ողջ բացասական էությամբ և վերջին ամիսների պատմությամբ կորոնավիրուսի հետ կապված պայքարը նաև մի շատ էական եզրակացության հանգեցրեց՝ որ միայն հացով չենք ապրում։

Նախագահն ասել է, որ շատ դեպքերում մարդիկ նյութական դժվարությունները հաղթահարելու են, բայց եթե մշակութային կյանքը սահմանափակվի կամ գոյություն չունենա, համարյա անհնար է լինելու ապրել։

Հանդիպման մասնակիցներին համագործակցության ակնկալիքով այս հարցադրումն ուղղելով՝ հանրապետության նախագահը մշակութային հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ժամանակավորապես օգտագործել նախագահական նստավայրի շենքի և բացօթյա տարածքի հնարավորություններն իրենց ծրագրերի իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG