Մատչելիության հղումներ

Վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառքի և այլ չարաշահումների գործով 15 մարդու մեղադրանք է առաջադրվել


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին, ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

«Մասնավորապես` քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1 միլիոն 920 հազար ՀՀ դրամ, որից 1 միլիոն 20 հազար ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:

Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին:

Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետևանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B»,«B, C» կարգերի վարորդական վկայականներ», - մանրամասնում է Հատուկ քննչական ծառայությունը:

ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով գործի նյութերը ծանոթանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG