Մատչելիության հղումներ

Կառավարությունում այսօր հաստատված փաթեթը թույլ կտա սեպտեմբերի 11-ից չերկարաձգել արտակարգ դրությունը


Կառավարության նիստ, 27օգոստոսի, 2020թ.

Կառավարության նիստում այսօր հաստատվեց օրենսդրական նախագծերի մի փաթեթ, որը թույլ կտա սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանում չերկարաձգել արտակարգ դրությունը։

Փաթեթը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ են մշակել նախագծերը, որոնց ուժի մեջ մտնելը հնարավորություն կտա հետայսու համաճարակի դեմ պայքարել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի. - «Առաջարկում ենք կատարել փոփոխություններ և լրացումներ հիմնականում երկու` «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում: Նման դեպքերում օրենքների փաթեթը համապատասխան ժամկետներում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները»:

Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն է մարտի 16-ից, որը կառավարությունն ամեն անգամ երկարաձգում էր երեսուն օրով։

Նախագծերով առաջարկվում է, որ վարակիչ հիվանդությունների Հայաստան ներթափանցման, ծագման ու տարածման վտանգի և որպես հետևանք՝ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանավել կարանտին։ Ընդ որում, առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանվել թե՛ կառավարության կողմից, թե՛ Երևանի քաղաքապետի ու մարզպետների կողմից Հանրապետության ողջ տարածքում, կամ համապատասխան վարչատարածքային միավորում, անգամ առանձին կազմակերպությունների գտնվելու վայրում։

«Մասնավորապես այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները` համաճարակի գոտում մուտքի և ելքի հաջորդ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, օբզերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում», - ներկայացրեց Բադասյանը:

Իսկ այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի կիրառել ավելի խիստ միջոցառումներ, թեև, ինչպես ընդգծեց Բադասյանը, խոսքը կիրառման հնարավորության մասին է, և ամենևին էլ պարտադիր չէ, որ գործադիրը կիրառի դրանք. - «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում: Պետք է ընդգծել, որ այս ռեժիմն արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման ենթակա իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով: Մասնավորապես, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը, այսինքն` տնտեսական գործունեության ոլորտում հնարավոր է սահմանել սահմանափակումներ, սակայն հնարավոր չէ արգելել տնտեսական գործունեությունը»:

Ի դեպ, կառավարությունում քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ փաթեթին ծանոթ չեն Պաշտպանության նախարարությունում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ այն ուղարկվել է գործադիրի նիստից միայն երկու օր առաջ։

«Այս գործելաոճին ե՞րբ է վերջ տրվելու...»,- դժգոհությունը չթաքցրեց վարչապետը. - «Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված: Չէ, եկեք դադարեցնենք, կգնաք, կքննարկեք մինչև ստորագրման բերելը, մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, և գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, բոլոր առաջարկները քննարկվել են, ստորագրման չբերեք: Հաշվի առնելով հարցի հրատապությունը` ես առաջարկում եմ, որ մենք քվեարկությամբ ընդունենք, բայց մինչև ստորագրումը պետք է բոլոր անհրաժեշտ տեղերում քննարկվի, և կառավարության նիստն այն տեղը չի, որտեղ պետք է սենց մանրամասները` ստորակետ ստեղ դնենք, թե ստեղից հանենք վերև և այլն: Եվ պետք է նախագծերը պատշաճ ձևով դրվեն քննարկման: Ըստ այդմ դրվում է քվեարկության, ովքե՞ր են դեմ որոշման ընդունմանը: Դեմ չկա, որոշումն ընդունված է»:

Ուժի մեջ մտնելու համար նախագծերի փաթեթը պետք է վավերացնի Ազգային ժողովը։

Գործադիրի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսին առնչվող իրավիճակին. - «Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ դեպք: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 ենք ունեցել, իհարկե նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից:

Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել»:

XS
SM
MD
LG