Մատչելիության հղումներ

Լավրով․ Հուլիսյան սրացումից հետո ավելի ինտենսիվ բանակցությունները «չէին խանգարի»


ՌԴ արտգործնախարար Լավրովի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի համատեղ ասուլիսը Մոսկվայում

«Մենք հուսով ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի: Եվ մենք Հայաստանի և Ադրբեջանի մյուս ընկերների հետ միասին կաջակցենք դրան», - այսօր Մոսկվայում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Սա Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Բայրամովի առաջին պաշտոնական այցն է Մոսկվա: Եվ երկրորդ արտասահմանյան այցը. առաջինը Ջեյհուն Բայրամովը կատարել էր իհարկե Թուրքիա:

Ասուլիսում Լավրովն ասել է նաև, որ մանրամասնորեն քննարկել են ղարաբաղյան խնդիրը: Պատկերը, նրա ներկայացմամբ, հետևյալն է. Բաքուն և Մոսկվան համարում են, որ այսօր պետք է վերսկսել խնդրի շուրջ առարկայական բանակցություններ, և վերսկսել արդեն մշակված փաստաթղթերի և սկզբունքների հիման վրա, բոլորի կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում:

«Մենք, ցավոք սրտի, տեսել ենք բանակցողների կազմը փոխելու փորձեր, ինչը համանախագահների համար անընդունելի է», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը` հավելելով, որ հուլիսյան սրացումից հետո ավելի ինտենսիվ բանակցությունները «չէին խանգարի»:

Միաժամանակ, Լավրովը համարում է, որ բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է ստեղծել «համապատասխան մթնոլորտ»:

Ի դեպ, երբ Բայրամովը Մոսկվայում էր, կայացել էր նաև Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ժամանակ նույնպես քննարկվել է ղարաբաղյան խնդիրը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մոսկվան քննարկում է եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ Լավրովն այսօր նույնպես խոսել է առարկայական բանակցությունների մասին, նույնիսկ երբ խոսեց բանակցությունները վերսկսելու մասին, շտկեց իր խոսքը` ասելով, թե խոսքն առարկայական բանակցությունների մասին է:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր բողոքել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Նա, բնականաբար, հայկական կողմին է մեղադրել և' հուլիսյան բախումների, և' դիվերսիոն նոր փորձերի մեջ:

Որպես փաստարկ, թե Բաքուն ունի կառուցողական մոտեցում բանակցային գործընթացում, Բայրամովը բերել է հենց 30 տարի բանակցելու փաստը. – «Մեր տարածքի 20 տոկոսը հայկական կողմը օկուպացրել է, բայց մենք 30 տարի է բանակցում ենք և հավատում ենք, որ խնդիրը կկարգավորվի բանակցային ճանապարհով»:

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն ակնկալում է այս հարցում միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի աջակցությունը:

Բայրամովն այսօր նաև նշել է, որ հուլիսյան բախումները տեղի են ունեցել այն տարածքում, որտեղով անցնում են նավթային և գազային խողովակաշարերը:

Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի կառավարությունում և Դաշնային խորհրդում: Դրան արարողակարգային հանդիպումներ էին, հիմնականը, անկասկած, Լավրովի հետ բանակցություններն էին:

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է նույնիսկ ընթացիկ տարուն` չնայած կորոնավիրուսի համավարակին: Իսկ ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում են շուրջ 5 միլիարդ դոլար: Այս մասին այսօր համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեցին Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Առաջին հայացքից փայլուն թվացող ռուս-ադրբեջանական հարաբերություններում սակայն կան լուրջ տարաձայնություններ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ Բաքվում ստիպված է եղել է արդարանալ, թե ռազմավարական ոլորտում հայ-ռուսական վերջին շրջանի ակտիվ շփումներն ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

«Տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին, և գիտենք այն տագնապների մասին, որոնք կապված են մեր ռազմական բազա թռիչքների հետ: Ուզում եմ միանգամից ասել, որ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի` մեր հարևանի և գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել էր Շոյգուն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG