ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան Դիան Տրիանսիա Ջանին ասել է, որ չի նախաձեռնի որևէ գործողություն Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու՝ Միացյալ Նահանգների ներկայացրած հայտի վերաբերյալ:
Այս ամսվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահում է Ինդոնեզիան: Դեսպան Ջանին ասել է, որ մտադիր չէ արձագանքել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ամերիկացիների առաջարկին, քանի որ այդ հարցում Անվտանգության խորհրդում չկա կոնսենսուս:
«Ակնհայտ է, որ խորհրդի անդամներից միայն մեկն ունի հստակ դիրքորոշում, մինչդեռ մեծ թվով անդամներ այլ տեսակետներ ունեն, խորհրդում չկա միաձայնություն, հետևապես՝ խորհրդի նախագահը չի կարող որևէ գործողություն կատարել», - ասել է դեսպան Ջանին:
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն անցած հինգշաբթի օրը ներկայացրել է հայտ, որով Վաշինգտոնը պահանջում է ամբողջական ծավալով վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք Իրանի նկատմամբ սահմանվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագիրը կնքելուց առաջ:
Բացառությամ Իրանի, խորհրդի նիստին ներկա են եղել այդ փաստաթուղթը ստորագրած Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Նրանք նշել են, որ դուրս գալով 2015-ի համաձայնագրից՝ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող նախաձեռնել պատժամիջոցները վերականգնելու գործընթաց: