Մատչելիության հղումներ

Մարալիկի ծննդատան աշխատակիցները դիմում են վարչապետին` հայտնվել են «թակարդի մեջ»


Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի հարցը հունվարից մինչ օրս լուծված չէ: Կառավարությունը տարեսկզբից պետպատվեր չի տրամադրում, բայց չի էլ լուծարում, ու 13 աշխատակիցները շարունակում են աշխատանքի գալ՝ առանց աշխատավարձ ստանալու:

Առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն ասում է` հայտնվել են փակուղային իրավիճակում. - «Ես խնդրում եմ այս խնդրին լուծում տալ, մենք դուրս գանք էս թակարդից, վճռեն և որոշում ուղարկեն կառավարություն: Ես անհիմն չեմ կարող, ես չեմ կարող պատպատվերի հայտի մերժումը համարեմ հիմք ու դնեմ, ծանուցեմ, ազատեմ: Մյուս օրը կհայտնվեմ դատարանում, որովհետև կասեն` ո՞ւր է ձեր կառավարության որոշումը: Մոտ 12 միլիոն պարտք է գոյացել»:

Տարեսկզբին, երբ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունը ցանկանում է քիչ ծնունդների պատճառով փակել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը, մի խումբ մարալիկցիներ ու բուժաշխատողներ ի նշան բողոքի մի քանի անգամ փակեցին Գյումրի-Երևան ճանապարհը։ Նախարարության ներկայացուցիչները եկան ու հայտարարեցին, որ ծննդաբերական բաժանմունքում ծնունդների թիվը պակաս է 150-ից, նաև մասնագետների ու սարքավորումների խնդիր կար: Ժամանակ տրվեց խնդիները լուծելու համար, որպեսզի վերանայվի բաժանմունքը փակելու որոշումը։ 7 ամսվա ընթացքում ամերիկահայ բարերարի օգնությամբ ծննդաբերական բաժանմունքը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով. - «Կենտրոնացված թթվածնային համակարգ ունենք, որը շատ կարևոր է, 2 կարդիոմոնիտորներ ունենք: Ինչը, որը փետրվարի 18-ին ուսումնասիրության արդյունքում եղել է մինուս, մենք փորձեցինք այդ բոլորը համալրել և դարձնենք պլյուս, իսկ կադրերի առումով բոլորի հետ կնքեցինք պայմանագրեր, որոնք պատրաստ ենք աշխատելու: Բայց քանի որ գործընթացն այսպես գնաց, երկարեց, անհասկանալի իրավիճակ ստեղծվեց, հիմա իրոք մենք հայտնվել ենք թակարդի մեջ: Ես չգիտեմ` ինչ պիտի լինի, մենք անհապաղ խնդրի լուծում ենք պահանջում»:

Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանն ասում է՝ հանձնախումբը կրկին բացթողումներ է գտել, որոնք այս ընթացքում շտկվել են, սակայն ծննդաբերական բաժանմունքին կարգ չի շնորհվել, ինչի պատճառով էլ ֆինանսավորում չի տրամադրվում. - «Մենք շտկեցինք, ես նշեցի, որ ակտ կա, և ակտի մեջ մատնանշված են թերություններ: Դա շտկել ենք և ևս մեկ անգամ հրավիրել ենք, ,մենք նաև նախարարությունից պատասխան ենք ստացել, որ համավարակով պայմանավորված հանձնախումբն այս պահին գալ չի կարող: Մենք նորից դիմեցինք և վարչապետին, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նորից վերանայելու Մարալիկի առողջության կենտրոնի և մակարդակի տրամադրման, և պետպատվերի տրամադրման հարցերը: Դեռևս որոշակիություն չունենք առայսօր»:

Մարալիկի ծննադաբերական բաժանմունքի աշխատակիցները դիմում են վարչապետին, որ խնդրի լուծում գտնի, ոչ թե փակեն, այլ թողնեն աշխատեն. - «Շատ կուզենայի անպայման կոչ անել մեր վարչապետին առաջնահերթ, երկրորդ հերթին նախարարությանը, որ էս անորոշությունը վերջանա, գնա, ու ես չէի ցանկանա, որ Մարալիկի ծննդատունը փակվի, քանի որ ինքը սպասարկում է 17 գյուղեր»:

Մարալիկի առողջության կենտրոնը 17 գյուղերի է սպասարկում: Հարակից գյուղերի բնակիչները ևս դեմ են, որ բաժանմունքը փակվի, քանի որ Գյումրի, Ախուրյան կամ Արթիկ հասնելը լրացուցիչ ծախս է ենթադրում. - «Ամբողջ ռայոնի համար կարելի՞ է փակել, լրիվ սպասարկումն էստեղ է, ոչ մեկիս էլ ձեռք չի տա, որ փակեն: 2 հատ հարս ունիմ, էն մի հարսս սեպտեմբերի վերջ պիտի ծննդաբերի, բայց ինչի՞ առնեմ, ընկնիմ Գյումրի կամ Արթիկ, կամ ես շատ գիտեմ ուրտեղ: Մենք ուղղակի կխնդրենք, եթե իհարկե մեզի լսող կա, որ չփակեն մեր ծննդատունը, ծննդատունը կարևոր բան է»:

Եթե այս ընթացքում չգտնվի լուծում, ապա առողջության կենտրոնի ամբողջ՝ 96 հոգանոց անձնակազմը կկանգնի ֆինանսական խնդրի առաջ. - «Բոլորը մտավախում են, ասում են` սենց որ գնա, մինչև տարեվերջ մենք սնանկ կճանաչենք»:

Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետն ասում է՝ այս պահին բանակցում են նախարարությունների հետ, որ հնարավոր լինի միջանկյալ լուծում գտնել:

XS
SM
MD
LG