Մատչելիության հղումներ

Մարալիկի ծննդատունը այս տարվանից չի ֆինանսավորվում


17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, 12 աշխատակիցները աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած: Ծննդատունը փակելու մասին փաստաթուղթ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքին չկա, բայց Վռամ Մելիքյանն ասում է՝ վերադասից հանձնարարական է ստացել՝ այլևս ծնունդ չընդունել:

«Ես ունեմ ղեկավարներ, ինձ ասում է ղեկավարս՝ «մի ընդունի», ես չեմ կարա, եթե ընդունեցի ծնունդները, հետո ո՞վ է մեզ վճարելու այդ գումարը։ Հիմա ես էլ զանգահարեցի, ասացի, որ՝ «մի ընդունեք», եկա ասեցի՝ «ժողովուրդ ջան, եկեք աշխատանքի, մինչև ամսի 7-8 կլինի աշխատանքները, երբ որ կլինի նախարարի կողմից մեզ հարամանը, փաստաթուղթ, որը իրավական կլինի, դրա հիման վրա կա՛մ կփակվի, կա՛մ կմնա բաց», - ասաց Մելիքյանը։

Այնուհանդերձ, նախօրեին ծնունդ ընդունել են: Կեսարյան հատման համար էլ մասնագետ են հրավիրել: Փակելու փոխարեն տնօրենի պաշտոնակատարն առաջարկում է մասնագետներով ու սարքավորումներով համալրել հիվանդանոցը:

«Ավելի լավ կլինի զարգացնեն հիվանդանոցը, ոչ թե ծննդատուն, այլ ավելի շատանա, համ լինի ծննդատուն, համ՝ հիվանդանոց, որովհետև ռեմոնտ արած է, սաղ պատրաստ է, մնում է սարքավորում, մեկ էլ մասնագետները», - նշեց Վռամ Մելիքյանը։

Եթե 18 մլն դրամ հատկացվի ծննդատանն, ապա այն կկարողանա նորմալ գործել: Ի դեպ, մոտ 5 տարի է ծննդատան շենքը հիմնանորոգվել է, անհատ բարերաներ որոշ սարքավորումներ են նվիրել, սակայն հիվանդասենյակները կահավորված չեն ու այդ հատվածի դուռը 5 տարի է փակ է:

Ծննդատան աշխատակիցները դիմում են վարչապետին ու առողջապահության նախարարին, որ գան ու անձամբ համոզվեն, որ Մարալիկի ծննդատունը փակելը սխալ է:

«Հիմա խնդրում ենք՝ պարոն Փաշինյանն է, առողջապահության նախարարն է, թող միջամտեն, էս հարցին լուծում տան, մենք էլ աշխատենք, ուրիշ բան չենք պահանջում», - ասաց ծննդատան աշխատակիցներից մեկը։

Տարվերջին Գյումրի այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին ու մասնավորապես ծննադատան գործունեությանը, անկեղծացել էր, թե դրանք իրենց չեն արդարացնում։

«Մարալիկում ամենայն հավանականության ճիշտ կլինի, որ մնա միայն առողջության առաջնային պահպանում, ինչպես այլ փոքրիկ բնակավայրերում, որտեղ հիվանդանոց չկա», - նշել էր Թորոսյանը։

Բուժանձնակազմը պնդում է, որ նախարարությանը սխալ թվեր են ներկայացվում ծնունդների թվի մասին: 106 ծնունդ են ունեցել այն դեպքում, երբ մասնագետի կարիք ունեն: Եթե մասանգետ լինի, ապա Գյումրի ուղարկելու փոխարեն իրենք կընդունեն ծնունդները:

«Մենք դիմել են վարչություն, որ մասնագետներ բերենք մենք մասնագետների կարիք ունենք, բայց իրենք ոչ մի անգամ չեն տեղաշարժվել, վեց ամիս առաջ մենք իրենց դիմել ենք, բայց անարդյունք», - ասաց աշխատակիցներից մեկը։

Ի դեպ, աշխատակիցները նշում են, որ պաշտոնապես դեռ ծանուցում էլ չեն ստացել, որ իրենք կարող են աշխատանքից ազատվել. «Նման դեպքում ծանուցում են տալիս, հարգելիս, օրենքը պահանջում է ծանուցել մարդկանց, որ երկու ամսվա ընթացքում մարդիկ իրազեկված լինեն և կարողանան իրենց համար աշխատանք մի տեղ հայթայթեն»։

Բուժանձնակազմին միացել են բնակիչները, ասում են՝ «թույլ չենք տա փակել ծննդատունը, քանի որ գյուղեր կան, որ 50 կմ հեռու են Գյումրիից»:

Առաջիկա օրերին Մարալիկում նախատեսում են բողոքի ակցի անցկացնել՝ ծննդատունը փակելու դեմ:

Փակվելու շեմին է նաև Գյումրիի ծննդատունը, սակայն այնտեղ ևս մեկ ծննդատուն կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG