Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հեռագրում մասնավորապես ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր հեռագրում անկեղծ վշտակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Շատիլի գյուղի մոտակայքում օգոստոսի 23-ին մարդատար միկրոավտոբուսը շուրջ 80 մետր բարձրությունից վայր է ընկել, 17 մարդ զոհվել է, 3-ը լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել: