Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա»:
Փաշինյանը Զելենսկուն մաղթում է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»: