Մատչելիության հղումներ

Վաղն Իսրայել է ժամանելու Փոմփեոն, նախատեսված է հանդիպում Նեթանյահուի հետ


ԱՄՆ  պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

Վաղն Իսրայել է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ: Միացյալ Նահանգների պետքարտուղարը քննարկելու է Իսրայելի իշխանությունների հետ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ու մասնավորապես Իրանի կողմից հնչող սպառնալիքների հարցերը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը համընկնում է նաև վաղը Քնեսեթում բարձրացվելիք կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու օրինագծի քննարկման հետ: Այսօր առավոտյան Իսրայելի բյուջեի ընդունման հարցը կրկին հետաձգվել էր վարչապետ Բիբի Նեթանյահուի և պաշտպանության նախարար Բենի Գանցի անհամաձայնության շնորհիվ: Եթե մոտակա օրերին չկայացվի փոխհամաձայնեցված որոշում, ապա հավանական է` Իսրայելում անցկացվեն վերջին 2.5 տարում թվով արդեն 4-րդ խորհրդարանական ընտրությունները:

Քաղաքական այս ճգնաժամի համատեքստում, որին, ըստ հրեական լրատվամիջոցների, լուծում տալու համար է նաև Երուսաղեմ ժամանում Փոմփեոն, ավելացել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության սրացումը: Կողմերը միմյանց են մեղադրում իրավիճակի սրացման մեջ: Գազայի գոտուց այրվող նյութերով լցված փուչիկներ են բաց թողնվում Իսրայելի հարավային սահմանամերձ բնակավայրերի վրա, որոնք հրդեհներ են առաջացնում հատկապես դաշտերում՝ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը: Միևնույն ժամանակ Իսրայելի օդուժն է հարվածներ հասցնում, որին հաջորդում են Իսրայելի հարավային մի շարք բնակավայրերի հրթիռահարումները:

Բեեր Շևայի հայկական համայնքի ներկայացուցիչ Արմեն Նիկողոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրավիճակը հանգիստ է հայկական համայնքում, և հրթիռահարվող սահմանամերձ շրջաններում հայեր չեն բնակվում: Համենայն դեպս պայթյունավտանգ իրադրություն է ստեղծվել:

Պատերազմի վտանգի ու քաղաքական և տնտեսական ճգնաժամի համատեքստում իրավիճակն ավելի սրվել է նաև կորոնավիրուսի տարածման հետ կապված: Իսրայելի առողջապահության նախարարության հրապարակած թվերի համաձայն` 102 հազար 150 մարդ է վարակվել նոր տիպի կորոնավիրուսով, ու վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է մահացածների թիվը` հասնելով 825-ի: Այս պահի դրությամբ բուժվում է 22 հազար 22 պացիենտ, որոնցից 408-ի վիճակը չափազանց ծանր է: Այս պայմաններում Իսրայելի կառավարությունը որոշել է վերաբացել դպրոցները: Մինչ ուսումնական գործընթացի մեկնարկը համացանցի միջոցով հանդիպումներ են տեղի ունենալու կրթօջախների մասնագետների ու աշակերտների ծնողների միջև, որոնց ընթացքում մանրամասն բացատրվելու է, թե ինչպես են երեխաները հաճախելու դպրոց:

Իսրայելում երկամսյա կարանտինից հետո մայիսին բացված դպրոցներում հազարավոր վարակակիր երեխաներ հայտնաբերվեցին, որի արդյունքը եղան օրական կտրվածքով մինչև 1000 նոր վիրուսակիրների հայտնաբերման դեպքերը: Չնայած պետք է փաստել, որ որոշակի կայունացում նկատվում էր, քանզի հուլիսին դպրոցների փակելուց հետո օրական 1000 նոր դեպքի դիմաց այժմ 650-700 նոր հիվանդ է հայտնաբերվում:

Մեկ շաբաթ է` ինչ բացվել է Իսրայելի օդային սահմանը, բայց նախկին ծանրաբեռնվածությամբ, իհարկե, օդանավակայանը չի աշխատում: Դեռ վիճակագրական տվյալներ չկան, թե որ երկրից քանի զբոսաշրջիկ է ժամանել, սակայն ինչպես երևում է, շտապողներ Սուրբ երկիր այդքան էլ չկան՝ համավարակի տարածմամբ պայմանավորված:

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա երկրի կենտրոնում հիվանդացած քաղաքացիներն ապաքինվել են, վիրուսից մահացածներ հայերի շրջանում չկան: Երուսաղեմում իրավիճակը նույնն է: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցել է. - «Մարտ ամսին կառավարության որոշումից դեռ օրեր առաջ Սրբազանի (Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի) որոշմամբ վանքը մտավ մեկուսացման: Դա իրենից ենթադրում է, որ վանք այլևս չէին կարող մտնել ուխտավորներ, զբոսաշրջիկներ, վանքում չբնակվող հայեր կամ առհասարակ որևէ այցելու»:

Զբոսաշրջիկների պահով էլ փոփոխություններ չկան: Երուսաղեմի համայնքը փակ է այցելությունների համար. - «Նույնն է այսօր` վանքի մեծ դարպասը փակ է, ընդամենը փոքր դարպասն է բաց, և ամբողջ ելումուտն այդ փոքր դռնով է իրականացվում: Այսօր կարող եմ ավելացնել, որ ինչ-որ չափով ավելի է խստացվել, Սրբազանի որոշմամբ դարձյալ յուրաքանչյուր ոք, որ մտնում է արդեն, նույնիսկ բնակիչ պետք է անպայման ջերմաչափվի: Նրանք, ովքեր ունեն այդ վտանգավոր ջերմությունը, ապա նրանց չի արտոնվում ներս մտնել:

Անպայման բոլոր ներս մտնողներն արտահանում են իրենք ձեռքերը ալկոգելով, և կարելի է ասել` շատ խիստ հրահանգ կա, որ այդ կանոնները պետք է պահվեն: Եվ կարծում եմ, որ այդ բոլոր որոշումների, նախաձեռնված քայլերի շնորհիվ է, որ այսօր համայնքում չունենք որևէ վարակված»:

XS
SM
MD
LG