Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, օգոստոս, 2020թ.

Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Բայրամովը Մոսկվա կժամանի ռուսական կողմի նախաձեռնությամբ։

«Մեր երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Տեղի կունենա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ու միջազգային հարցերի լայն շրջանակ», - ասել է Զախարովան։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի կառավարության և Դաշնության խորհրդի անդամների հետ։

Սա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնում։ Նշանակումից շաբաթներ անց՝ առաջին պաշտոնական այցով նա մեկնել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր գործընկերոջ, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

XS
SM
MD
LG