Մատչելիության հղումներ

«Մասիս» ՋՕԸ նախկին ղեկավարից 611 մլն դրամ բռնագանձելու համար Դատախազությունը հայց է ներկայացրել դատարան


Ջրի պոմպակայան Հայաստանում, արխիվ
Ջրի պոմպակայան Հայաստանում, արխիվ

Դատախազությունը հայտնում է, որ հայց է ներկայացրել դատարան՝ ջրօգտագործող (ՋՕ) ընկերությունում կոռուպցիոն չարաշահումներով պետությանը պատճառված 611 միլիոն դրամի վնասը բռնագանձելու համար:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում «Մասիս» ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը «առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611 միլիոն 72 հազար 640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր», ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ Դատախազության հաղորդագրության, «վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, գործով դեռևս չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող «Մասիս» ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 403 միլիոն 920 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով 5 հազար մետր երկարությամբ 1020մմ և 207 միլիոն 152 հազար 640 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2 հազար 880 մետր երկարությամբ 820մմ տրամագծով իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող ոռոգման ճնշումային խողովակաշարը», ապա հափշտակությունը թաքցնելու դիտավորությամբ «համոզելու եղանակով դրդել է իր՝ 01.12.2011թ. հրամանով ձևավորված՝ ընկերության աշխատակիցներից կազմված հանձնաժողովի 5 անդամներին փաստացի չկատարել հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են, գտնվում են իրենց տեղում»: Հանձնաժողովի անդամներն էլ, շարունակում է Դատախազությունը, փաստացի չեն կատարել սահմանված կարգով տարեվերջյան գույքագրումը և դրանից բխող պարտադիր գործողությունները, հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն՝ փաստելով այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:

Բացի այդ, ՋՕԸ գործադիր տնօրենը, «դարձյալ գործելով հափշտակության փաստը թաքցնելու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ խմբի կազմում՝ ընկերության 4 աշխատակիցների հետ միասին, իր ստորագրությամբ հաստատել է 20.12.2011թ. ամսաթվով կազմված ՋՕ ընկերության հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտը, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ինքը հանձնել, իսկ նոր տնօրենն ընդունել է ընկերության բոլոր հիմնական միջոցները, այդ թվում՝ հափշտակված խողովակաշարը», «այսինքն՝ խմբի կազմում կեղծել է պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթ, որը հանձնվել է ընկերության հաշվապահություն»:

«Մասիս» ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, այս տարվա օգոստոսի 14-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում Ա. Դ.-ն կամովին չի վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը, Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից հայց է ներկայացվել նույն դատարան՝ Ա. Դ.-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 611 միլիոն 72 հազար 640 դրամը: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG