Մատչելիության հղումներ

Գյումրիի Ժողովրդական կենցաղի թանգարանը վերաբացման օրն արդեն այցելուներ ուներ


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Գյումրիի Ժողովրդական կենցաղի թանգարանը վերաբացման հենց առաջին օրն արդեն այցելուներ ուներ։

«Շատ հանկարծակի ճանապարհին իմացա, որ վերաբացվում է, ես կարծում էի, որ բաց են, անկեղծ ասած, ու շատ ուրախացա, որ հենց էսօր մենք էստեղ գտնվեցինք», - «Ազատությանը» ասաց այցելուներից մեկը:

Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանի խոսքով՝ պարետի որոշմանն անհամբերությամբ էին սպասում։ Թանգարան այցելել ցանկացողներ շատ են եղել, սակայն կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում դռները հինգ ամիս փակ էին։

«Հայաստանյան թանգարանցիների համար կարելի է տոն համարել, որ թանգարանները իրենց դռները կրկին վերաբացեցին այցելուների առջև: Ասեմ, որ անչափ շատ են եղել և՛ տուրօպերատորների կողմից զանգահարողներ, և՛ անհատ քաղաքացիներ ցանկություն են հայտնել, անգամ ասել են՝ «երկու կամ երեք հոգի ենք, թույլ տվեք», բայց քանի որ պարետի որոշում չունեինք, մենք չէինք կարող անցնել գործի», - «Ազատության» հետ զրույցում նշեց տնօրենը:

Այցելուներին ընդունում են՝ պահպանելով անվտանգության նորմերը: Պարտադիր ջերմաչափում, ախտահանում են: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք աջակցություն է տրամադրվել հիգիենիկ միջոցների ձեռքբերման համար, Սոնա Հարությունյանն արձագանքեց. - «Քանի որ թանգարանը ՊՈԱԿ է, և տարեսկզբին ինչպես հաստատվում է թանգարանի նախահաշիվը, հաստիքացուցակը, այնպես էլ՝ գնումների պլանը, և գնումների պլանում ցավոք նախատեսված չի եղել, քանի որ կորոնավիրուսը եղավ այն ժամանակ, երբ արդեն հաստատված էր գնումների պլանը, այդ պատճառով, որպեսզի նորից հեռակա կարգով փոփոխություն չլինի, ես անձնական միջոցներով ձեռք եմ բերել և՛ ջերմաչափումը, որը 49 հազար դրամ արժեր, և՛ այսօր դեղատնից արդեն ալկոգելային նյութերը, դիմակները: Գուցե հետո գնումների պլան փոխվելուց կկարողանանք, բայց հիմա քանի որ ամեն ինչը շատ արագ կատարվեց, որպեսզի թանգարանը փակ չմնար, ես հարմար գտա այդ տարբերակը օգտագործել»:

Անցած տարին թանգարանը պատմության մեջ ռեկորդային թվով այցելուներ է ունեցել, ասում է տնօրենը. - «Անցած տարի ունեցել ենք ռեկորդային այցելուներ՝ 22 հազար 111 այցելու և 7 միլիոն արտաբյուջե: Եվ դա, կարելի է ասել, պիկն էր այս վերջին տարիների, երկրաշարժից հետո նման այցելություններ մենք չէինք ունեցել»:

Գրադարանները ևս հատուկ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել: Շիրակի մարզային գրադարանում ամեն քայլափոխի զգուշացումներ էին, որ դիմակ կրելը և սոցիալական հեռավորությունը պահպանելը պարտադիր է:

Հարցին, թե արդյոք իր կարծիքով հնարավոր չէր ավելի շուտ վերաբացել, գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանն ասաց. – «Կարծում եմ, պետք է ժամանակ անցներ, պետք է հասկանայինք ինչ էր, վտանգները գնահատեինք: Ամեն դեպքում, գրադարանը կուտակումների վայր է... Կարծում եմ, որ ճիշտ է կատարվել, որ այսքան ժամանակ օնյալն ռեժիմով ենք մենք աշխատել»:

Գրադարանն առավոտվանից բավական մեծ թվով ընթերցողների է սպասարկել: Ոմանք պատահաբար էին իմացել ու եկել, մյուսները տեղյակ էին մշակութային հաստատությունները բացելու որոշմանը:

«Այս ընթացքում միայն թե դուք տեսնեք, թե ինչքան նամակներ, ինչքան հարցումներ են գալիս մեր ֆեյսբուքյան էջին: Այսօր, երբ հայտարարությունը տեղադրվեց, դուք չեք պատկերացնի, թե նամակների ինչ հեղեղ է եկել, թե` «ուրախությունից չգիտենք ինչ լինենք», «այդքան անհամբեր սպասել ենք», «վերջապես» և այլն... Նամակների հեղեղ... մեր ֆեյսբուքյան էջի պատասխանատուն չի հասցնում պատասխանել: Իսկ այսօր բավական շատ թվով ընթերցողներ մենք ընդունել ենք արդեն», - ասաց տնօրենը:

Գրադարանը շուրջ 11 հազար ընթերցող ունի, օրական միջինը երկու հարյուրից ավելի ընթերցող է սպասարկում: Գրադարանից դուրս չտրվող գրքերը ընթերցողը տեղում հատուկ առանձնացված ընթերցարանում է կարդալու. – «Արդեն նախապատրաստված է բացօթյա ընթերցարանը: 6 հոգի կարող են տեղավորվել: Սովորաբար 12 հոգու համար է, բայց այս պայմաններում` հոգու համար, այդ հեռավորությունը պահպանելով»:

XS
SM
MD
LG