Նախկին իշխանության օրոք ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը համաներման փոխարեն արդարացում է պահանջում՝ պնդելով՝ որևէ հանցագործություն չի կատարել։
«Համաներման այդ ինստիտուտը կիրառելու դեպքում կարծես թե հարց է մնում` իսկապես եղե՞լ է մեղավորություն: Այստեղ խնդիրը միայն ինձ չի վերաբերում: Այս մեղադրանքը հենված է զրպարտության վրա ոչ միայն իմ դեմ, այլև քաղաքացիների դեմ, քաղաքացիներին են զրպարտում, որ քաղաքացիները Սարի թաղում իրականացրել են զանգվածային անկարգություններ, փորձում էին ոստիկաններին քարերով խփել և այլն, այսինքն` այնպիսի բաներ, որոնք իրականում տեղի չեն ունեցել, փորձում են ներկայացնել այս գործով», - ասաց նա:
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատարան կանչել տուժողներին՝ հարցնելու՝ կո՞ղմ են, որ Ղուկասյանը համաներվի, թե ոչ։ Եվ եթե գեթ մեկ հոգի էլ դեմ լինի, ապա 2018-ին հայտարարված համաներումը «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Ղուկասյանի վրա չի տարածվի. - «Եթե ունենանք գոնե մեկ առարկություն, որն այս փուլում չունենք, դա հետևելու է, որ այդ օրենքն առհասարակ որպես համաներման մասին օրենք չի կիրառվելու ամբաստանյալի նկատմամբ»:
Ղուկասյանը մեղադրվում է դեռևս 4 տարի առաջ՝ 2016-ի հուլիսին, «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային գունդը գրավելու օրերին Երևանի Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զինված խմբին միանալու փորձի համար։ Մեղադրող դատախազը պնդում է՝ մեղադրանքը հիմնավոր է. - «Երկարաժամկետ տևական` շուրջ 3 տարի մենք դատական քննություն ենք իրականացրել, հետազոտել ենք մեծածավալ գործի նյութեր, ապացույցներ, հարցաքննվել են անձինք, և քանի դեռ մենք մեր դիրքորոշումը պնդում ենք, հետևաբար այո, մենք գտնում ենք, որ մեղադրանքը հիմնավոր է, և համապատասխան հետևանքներ պետք է վրա հասնեն»:
Մինչդեռ Ղուկասյանը պնդում է՝ իր դեմ ցուցմունք են տվել ոստիկաններն ու «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանի վարորդը, որը ՊՊԾ գնդի գրավումից հետո հեռացվեց նրանց շարքերից գնդի գրավումը չողջունելու համար։ Հենց Գեղամ Սահակյանն է պատմել իրավապահներին, որ Ղուկասյանը փորձել է միանալ գունդը գրավածներին, «Ազատության» հետ զրույցում պատմեց ամբաստանյալը. - «Իր ցուցմունքն առ այն է, որ իբր թե ես իր հետ հանդիպել եմ, հանդիպման ժամանակ իրեն պատմել եմ, իր հետ կիսվել եմ իմ մտադրության մասին` մտնել ՊՊԾ գունդ, ոստիկանության պատնեշը հաղթահարել, ջարդել, փշրել ոստիկաններին»:
Սերժ Սարգսյանի իշխանության քննադատ Ղուկասյանը, խոսելով իր մեղադրանքի անհիմն լինելու մասին, շեշտում է՝ իր հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրանք էր առաջադրվել նաև այն ժամանակ ընդդիմադիր ակտիվիստ Դավիթ Սանասարյանին և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանին։ Հեղափոխությունից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց հանցակազմի բացակայության պատճառով։
Այսօր դատախազը դատարանին ներկայացրեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը 2016-ի հուլիսյան դեպքերի մասին. - «Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ էական նշանակություն ունի որպես մեր երկրում սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով օժտված պաշտոնատար անձի իր անկողմնակալ, անաչառ դիրքորոշումը հենց դեպքի հանգամանքներին, մասնավորապես երթի ոչ խաղաղ լինելու, հավաքը ոչ արտոնված լինելու, եթե խոսում ենք ոչ խաղաղ երթի մասին, հետևաբար խոսում ենք բռնի երթի մասին: Մնացածը կգնահատենք համապատասխան փուլերում»:
Մինչդեռ Անդրիաս Ղուկասյանը պնդում է՝ օմբուդսմենը նման որակումներ չի տվել. - «Ոչ խաղաղ ակցիան և զանգվածային անկարգությունները տարբեր բաներ են: Այն, ինչը ընթերցեց դատարանում դատախազը, հետևյալն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտեց ոստիկանությունը անհամաչափ ուժ գործադրելու համար: Եթե զանգվածային անկարգություններ լինեին, չի կարող լինել անհամաչափ ուժ գործադրելու գնահատականը»:
Հետաքրքրական է, որ այս գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանն առաջիկայում կանցնի թոշակի, և չի բացառվում, որ չհասցնի այն ավարտին հասցնել։ Կողմերը մտահոգություն ունեն, որ գործը կմակագրվի մեկ այլ դատավորի, և մոտ 3 տարի տևած դատաքննությունը կսկսվի նորից։