Մատչելիության հղումներ

Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանի, Պետական վերահսկողական ծառայության պետ, այն ժամանակ «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՔԾ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նույն հիմքով դադարեցվել է նաև զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը, ով դեռ 2016-ի օգոստոսին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, կարծում է՝ հատկապես իրեն, Դավիթ Սանասարյանին և Հովսեփ Խուրշուդյանին ազատ թողնելը պայմանավորված էր իրենց միջազգային գործընկերների կողմից եղած ճնշմամբ․ - «Խնդիրն այն չէր, որ մենք անմեղ էինք, անմեղ էին նաև Դավիթ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը և մնացածը։ խնդիրն այն էր, որ ճնշումը կար և ստիպված կալանքը գրավով փոխարինելով ազատ արձակեցին և ակնհայտ էր որ ապրիլյան իրադարձություններից հետո այդ գործը կարճվելու էր, փակվելու էր»։

Հիշեցնենք՝ 2016-ի ամռանը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության գնդի գրավման օրերին Ազատության հրապարակում և Խորենացի փողոցում ամենօրյա հավաքներ էին տեղի ունենում։ Հուլիսի 29-ին, երբ ցուցարարները շարժվեցին Սարի թաղի ուղղությամբ, որտեղից ճանապարհ կա դեպի Ոստիկանության պարեկապահակետային ծառայության տարածք, ոստիկանությունը, պնդելով, որ ցուցարարները փորձում են խախտել իրավապահների կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել ՊՊԾ գնդի տարածք, հատուկ միջոցներ և ուժ կիրառեց ու ցրեց ցույցը: Իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ նույնպես ուժ էր կիրառվել:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է՝ գործի քննության փուլը պասիվ է ընթացել, գրեթե մեկ տարի իրեն չեն կանչել հարցաքննության կամ գործում որևէ փոփոխություն չի եղել։

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ով մոտ մեկ տարի ազատազրկված է եղել, 2017-ի հունիսին 1 մլն դրամ գրավի դիմաց ևս ազատ էր արձակվել։ Նա մեղադրվում էր ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ եթե այժմ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է իրենց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, ապա նշանակում է, որ այդ օրը տեղի չի ունեցել զանգվածային անկարգություններ և խնդիր է առաջանում, թե ինչպես պետք է մեկնաբանվեն այդ օրվա իրադարձությունները. - «Իմ կարծիքով, սա կարող է հիմք հանդիսանալ, որ ոստիկանությունն ա սկսել և իրականացրել ա ապօրինի գործողություններ։ ԵՎ դրա համար պետք ա գործ բացվի ոստիկանների վրա՝ ժողովրդին ճնշելու և բռնի ուժ կիրառելու համար։ Եթե նախկին բռնապետական ռեժիմը ցույց էր տալիս, որ ժողովուրդն ա ինչ-որ ապօրինի քայլեր արել, երեկվա հատուկ քննչական որոշումներով ապացուցում ա հակառակը, որ ժողովուրդը անմեղ ա, որևիցե մեկը որևիցե ապօրինի բան չի արել և էս դեպքում ոստիկանությունն ա կրում պատասխանատվություն ամսի 29-ի հետ կապված։ Բացի դա, մենք պատրաստվում ենք հակընդդեմ հայցով դատարան մտնել և պահանջել ու հասկանալ, թե ինչի համար եմ ես 11 ամիս նստել»:

Այս գործով գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրեց ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ում խափանման միջոց կալանքը դատավորը փոխեց մայիսին՝ նրան ստորագրությամբ չհեռանալու պայմանով ազատ արձակելով դատարանի դահլիճից։ Սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, յուրաքանչյուր շաբաթ տեղի է ունենում դատական նիստ։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին»։

Անդրիաս Ղուկասյանը նկատում է՝ իշխանափոխությունից հետո՝ դատական գործընթացներում փոփոխություններ կան. դատարանն արդեն բերման է ենթարկում այն տուժողներին, որոնք, ըստ Ղուկասյանի, նախկինի նման չեն ցանկանում սուտ ցուցմունքներ տալ․ - «Դա վկայում է նրա մասին, որ այդ մարդիկ չեն ուզում գալ դատարան։ Քանի որ այն ժամանակ ստիպված էին եղել կեղծ ցուցմունքներ տալ, հիմա դատարանում չեն ուզում դա անել, գրեթե բոլոր տուժողները, ըստ էության, փորձում են իրենց նախնական տված ցուցմունքները էապես փոխել։ Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, այդ բոլոր մարդիկ ամաչում են այդպիսի զրպարտող ցուցմունքներ տալ։ Իհարկե, այս ամենն ունի պարզ բացատրություն. քանի որ մեղադրանքը եղել ա շինծու, մարդիկ եղել են ճնշման տակ, դա հիմք է հարուցել համապատասխան գործեր, վարույթներ ընդդեմ այն քննիչների, ոստիկանների, որոնք արել են այս գործը»։

Հատուկ քննչական ծառայությունը Սարի թաղի դեպքերի վերաբերյալ առայժմ այլ մանրամասներ չի ներկայացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG