Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով այսօր հարցաքննվեց «հրեշտակների գումարտակի» նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանը


«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով այսօր հարցաքննված երկու տուժողներից մեկը՝ «հրեշտակների գումարտակի» նախկին հրամանատար, «Տոնածառի գործով» դատապարտված Գևորգ Սաֆարյանի դեմ ցուցմունք տված Գեղամ Խաչատրյանն էր:

Նա դատարանում ասաց, որ այլևս ոստիկանությունում չի աշխատում: Պատմեց՝ սպանված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանին տեսել է ՊՊԾ գնդի տարածքում արնահոսելիս: Երբ այս և այլ թեմաներով փաստաբանները հարցեր էին ուղղում Խաչատրյանին, նա կրկնվող պատասխաններ էր տալիս, հիմնականում ասում էր՝ չեմ հիշում, չեմ կարող ասել: Նախկին ոստիկանի այս պատասխանները լարվածություն առաջացրեցին դատարանում:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, իր հարցերի պատասխանները չստանալուց հետո, այլ հարց ուղղեց Գեղամ Խաչատրյանին․ - «Հիշո՞ւմ եք, ոնց էիք ՀՀ քաղաքացիներին լավ ծեծի ենթարկում»: - «Իսկ Դուք հիշո՞ւմ եք, ոնց է մեր բոլորի ճակատներին կարմիր արյունով գրված՝ Արթուր, Յուրի մեկ էլ Գագիկ», - հակադարձեց Խաչատրյանը: - «Հըլը էդ հարց ա, ում ճակատին ա գրված, շատ մեծ հարց ա», - ասվածը անարձագանք չթողեց Բիլյանը:

Տուժող Գեղամ Խաչատրյանին «Սասնա ծռերի» գործով փաստաբան Զարուհի Փոստանջյանը հարցրեց՝ ո՞վ է արյունով այդ գրությունը գրել: Դատավոր Պետրոս Մակյանը հարցը հանեց, ասաց՝ «անհարկի լարվածություն եք ստեղծում»:

Տուժող ոստիկաններից Դավիթ Գևորգյանը նիստին ներկա չէր՝ երկրից բացակայում էր: Դատախազը նրա ցուցմունքը հրապարակեց դատարանում: Դավիթ Գևորգյանն իր նախնական ցուցմունքում գրել էր, թե ՊՊԾ գնդում գտնվելու օրերին տեսել է, թե ինչպես են գունդը գրաված մարդիկ օրեր շարունակ զինված հերթապահել տարածքում: Իր հարցին, թե ինչո՞ւ՝ պատասխանել են՝ եթե իրավապահները փորձեն մտնել գնդի տարածք, նրանց տեղում կոչնչացնենք: Տուժող ոստիկանն իր ցուցմունքում նաև գրել է, որ կապել են իր ձեռքերը ու ներս բերել Վալերի Օսիպյանին ու նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Ըստ ցուցմունքի՝ տուժողը նաև լսել է «Սասնա ծռերի» անդամների զրույցը՝ ոստիկան Արթուր Վանոյանի սպանության մասին: - «ՊՊԾ գնդի փոխհրամանատարին՝ գնդապե Արթուր Վանոյանին սպանել է ոմն Սմբատը: Սպանության մասին լսել եմ դռների հետևից նրանց միջև տեղի ունեցած խոսակցության ժամանակ, որի ընթացքում մի քանիսը, այդ թվում Արեգը՝ նրա ձայնը տարբերվում էր մյուսներից, ասում էին՝ Սմբատին, թե ինչու նա սպանեց այդ մարդուն: Սմբատն էլ պատասխանում էր, որ՝ կրակեցին, այդ իսկ պատճառով նա կրակ է արձակել այդ ուղղությամբ»:

Դատարանի դահլիճից հեռացված «Սասնա ծռերի» անդամները, նիստին զուգահեռ բողոքի ակցիա էին անում դատարանի բակում՝ մի պահ փակել էին ճանապարհը: «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը, դիմելով վարորդներին, ասաց՝ «ձեր դեմ ոչինչ չունենք, ակցիան ընդդեմ դատական իշխանության է»:

«Հայաստանում դատական իշխանությունը մնացել է նույնը․ նույն դատավորներն են, նույն սուտ ցուցմունքներ տվող, այսպես կոչված՝ տուժողներն են, որոնք բազմաթիվ մարդկանց գլխին գործեր են սարքել իրենց սուտ ցուցմունքներով», - հայտարարում էր Սաֆարյանը:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG