Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այցելել է Չինարիի դպրոց, որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ Սարգսյանի որդիների՝ Հայկ և Վարդան Սարգսյանների նվիրատվությամբ դպրոցին հատկացվել են գույք (սեղաններ, աթոռներ, պահարաններ), ինչպես նաև համակարգչային տեխնիկա:
Կարևորելով երեխաների հանդեպ մշտական ու շարունակական ուշադրությունը՝ նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ, և՛ որպես Սարգսյան ընտանիք։ «Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան, ինձ ասեք։ Խոսքը նաև գյուղին է վերաբերում», - նշել է նախագահը: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի դպրոցի ջեռուցման խնդիրը:
Նախագահ Սարգսյանը շրջել է դպրոցում, առանձնակի ջերմությամբ զրուցել իր վաղեմի փոքրիկ բարեկամների՝ չինարեցի երեխաների հետ, որոնց հանդիպել էր անցյալ տարի, նախ՝ կրկին Չինարիում, ապա՝ իր նստավայրում:
Մարզի, գյուղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ զրույցում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահ տավուշցիներին' մեր զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար:
«Այստեղ դրախտ է: Մարդիկ դրախտում են ապրում, իսկ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, որ դրախտը մեր կողքին է», - ասել է նախագահը՝ հորդորելով գալ ու տեսնել այն, որովհետև հայրենասիրությունը հայրենիքի սահմանները պաշտպանելուց բացի նաև հայրենիքը ճանաչելն է, - «Այս դրախտի մեջ նաև հսկայական կրթական դրախտ կա՝ մեր ժողովրդի պատմությունը, ժառանգությունը»:
«Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ընդգծել է նախագահը՝ շարունալեով, - «Ես շատ լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ։ Մեր հանճարները պարբերաբար ասել են այս մասին։ Մենք դպրոցում մեր ազգային միասնության մասին բանաստեղծություններ ենք անգիր սովորում։ Սակայն կարծում եմ՝ դրանք արտասանելուց, իմանալուց, գիտակցելուց, վերլուծելուց այն կողմ, կա նաև պարզապես զգալու խնդիր, որ քո կողքի հայ մարդը քո եղբայրն է կամ քույրը։ Այդ դեպքում այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող հաղթել։
Այն մարդկայինը, որ մենք ունենք մեր հարևանի, ընկերոջ, համագյուղացու նկատմամբ, շատ մեծ արժեք ունի։ Այդ արժեքը հաճախ չի գնահատվում, չենք գնահատում այն, թե ինչ հարստության մեջ ենք ապրում, որը մարդկային հարստությունն է, մեր բնությունը»: