Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում պարտվելու դեպքում չի լքի Բելառուսը


Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ցանկանում է առաջիկա կիրակի օրը վեցերորդ անգամ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ ընտրություններում պարտվելու դեպքում չի լքի Բելառուսը։

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում Բելառուսի անփոփոխ առաջնորդը նաև հայտարարել է, թե իր երկրի դեմ զինված ագրեսիայի դեպքում կրակելու հրաման կարձակի։

Լուկաշենկոն միևնույն ժամանակ հավելել է, թե պատրաստ չէ պատկերացնել նման տեսարան Մինսկի փողոցներում՝ կրակոցներ ինչպես բողոքի ակցիաների մասնակիցների վրա, այնպես էլ նրանց կողմից։ Սակայն եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, ապա պատրաստ է կոշտ արձագանքել։

Բելառուսի ղեկավարը կրկին հաստատել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները՝ պնդելով, որ դաշնակից Մոսկվան միջամտում է բելառուսական ընտրություններին և Բելառուսի իշխանություններին հայտնի է, թե ինչ հանձնարարությամբ են իրենց երկիր ժամանել Մինսկում ձերբակալված երեսուներեք ռուսաստանցիները։ Լուկաշենկոն այդուհանդերձ մանրամասներ չի նշել։ Փոխարենը վերստին հայտարարել է, թե իր ձերբակալված մրցակից Վիկտոր Բաբարիկոն և մեկ այլ՝ այդպես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից չգրանցված ընդդիմադիր թեկնածու Վալերի Ցեպկալոն ռուսաստանյան նախագիծ են։

Ի դեպ, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է նաև ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալությունների մասին՝ առանց հստակեցնելու նրանց ինքնությունն ու ձերբակալության պատճառները։ Միայն նշել է, որ աշխատում են ամերիկյան Պետքարտուղարությունում: Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունը առայժմ չի արձագանքել:

Բելառուսի նախագահի այս հայտարարությունները հնչում են ընտրություններից հաշված ժամեր առաջ։ Նախընտրական այս քարոզարշավը Լուկաշենկոյի քառորդդարյա իշխանավարման թերևս ամենածանր քաղաքական շրջանն էր։ Քսանվեց տարվա ընթացքում առաջին անգամ Ալեքսանդր Լուկաշենկոն բախվել է կոշտ դիմադրության, նա շարունակաբար պնդում է՝ որոշ երկրներ իր դեմ դավեր են նյութում՝ ցանկանալով ազատվել իրենից: Բացի այդ կտրուկ անկում է արձանագրել նրա երբեմնի բարձր վարկանիշը, փոխարենը մեծ ժողովրդականություն են վայելում երեք ընդդիմադիր կանայք, ովքեր ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված իրենց ամուսինների փոխարեն են ձեռնոց նետել երկրի առաջնորդին:

Այս եռյակի հավաքները դարձել են երկրում ամենամարդաշատ միջոցառումները՝ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Ավանդույթի համաձայն այս քարոզարշավն էլ ուղեկցվում է ընդդիմադիրների ձերբակալություններով։

Նախօրեին բերման են ենթարկվել Մինսկի կենտրոնում տեղի ունեցած պետական տոնախմբության կազմակերպիչները, ովքեր միջոցառման ընթացքում հնչեցրել են Վիկտոր Ցոյի «Փոփոխություն» երաժշտական կատարումը: Նույն վայրում և նույն ժամին ավելի վաղ նախատեսված էր ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական հանդիպումը, որը իշխանությունները արգելել են քաղաքային տոնախմբություն կազմակերպելու պատրվակով, որին, սակայն, մասնակցել են հիմնականում ընդդիմության աջակիցները: Հնչյունային վահանակի պատասխանատուներին դատարանը տասնօրյա ազատազրկման է դատապարտել:

Ձերբակալություններն այսօր այդքանով չսահմանափակվեցին: Միսնկում գտնվող նախընտրական տեղամասում ձերբակալվել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Սերգեյ Չերեչնիայի նախընտրական շտաբի ղեկավար Նիկոլայ Լիսենկովը, ըստ պաշտոնական աղբյուրների, նա մեղադրվում է չթույլատրված հավաք կազմակերպելու մեջ։

Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբից հայտարարել են, թե գաղափար անգամ չունեն, թե ինչ միջոցառման մասին է խոսքը։ Երեկ էլ, հիշեցնենք, Մինսկում բերման է ենթարկվել առաջատար ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզը։

XS
SM
MD
LG