Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Սեյրան Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի` 1 միլիարդ 46 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՊՆ-ի կողմից մշակված կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3 միլիարդ 600 միլիոն դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

«Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով», - տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG