Մատչելիության հղումներ

ՊԵԿ. Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարմամբ համայնքին պատճառվել է էական վնաս


Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է Ծաղկաձորում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության դեպքերի հայտնաբերման մասին:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, 2014 թվի ընթացքում իրականացված՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից քաղաքում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներից ելնելով, աճուրդի անցկացման համար մասնակիցների ներկայության պատրանք ստեղծելու և աճուրդով հողամասը իրենց ցանկալի անձին օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով անցկացվող աճուրդի օրինականության պայմաններն ապահովելու նպատակով արձանագրել են, որ իբրև Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասի աճուրդին մասնակցել են 2 անձինք, նրանց կողմից կատարվել է հողամասի գնման սակարկություն, և իբրև հողամասը ձեռք է բերել ամենաբարձր գին առաջարկած գնորդը:

Արդյունքում, ըստ ՊԵԿ-ի, առանց օրինական հիմքերի, օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

ՊԵԿ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG