Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքով` փոփոխությունները միտված են հանրակրթության ոլորտում կարողությունների զարգացմանը, իսկ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը:
Ըստ կառավարության մամուլի ծառայության` զեկուցվել է, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը: Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հիմնական առարկայական փոփոխությունները, որոնցով պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները: Մշակվել է վերը նշված փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզը: Նշվել է, որ փոփոխությունները քննարկվել են նաև հանրապետության 1500-ից ավելի ուսուցիչների հետ, որոնք իրենց հերթին ևս հանդես են եկել առաջարկություններով:
Միաժամանակ, զեկուցվել է, որ դասագրքերի փոփոխությունների իրականացման ուղղությամբ քննարկումները կմեկնարկեն 2021 թվականին, և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ:
Վարչապետը կարևորել է հանրակրության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական բարեփոխումները և ընդգծել դպրոցներում դասավանդվող օտար լեզուների ընդլայնմանը, աշակերտների կարողությունների զարգացմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագծերը լրամշակել հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա: