Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է տեսալսողական մեդիայի և ընդերքի մասին օրենքների փաթեթները


Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները: Նախագահի աշխատակազմից փոխանցում են` օրենքները նախագահի ստորագրմանն էին ներկայացվել հուլիսի 20-ին:

Նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ և համապատասխան վերլուծություն ներկայացրել նախագահին:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

XS
SM
MD
LG