Մատչելիության հղումներ

Առաջարկվում է նոր լիազորություններով օժտել ՀՌՀ-ին, որպեսզի այն դառնա «թիկնապահ և բժիշկ» մեդիայի համար


Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը: Հեղինակները «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Թևոսյանն ու Մխիթար Հայրապետյանն են և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիմնական զեկուցող Վահագն Թևոսյանը հայտարարեց, որ առաջին հերթին այս օրենքով կկանոնակարգվեն այն հարցերը, որոնք մինչ այս չէին կանոնակարգվում: Ըստ նրա` գործող օրենքը այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսային և ռադիո ոլորտը: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին. - «Այս օրգանիզմն ինքնուրույն օրգանիզմ է, անկախ օրգանիզմ է, մեդիա ոլորտի մասին է խոսքը, որևէ ձևով միջամտություն չի իրականացվում այդ օրգանիզմի աշխատանքում, բայց անհրաժեշտ է, որպեսզի լինի մի բժիշկ և միաժամանակ նաև թիկնապահ, որը կարողանա և՛ ձեռքը պուլսի վրա պահել այդ օրգանիզմի ընթացքում, և՛ կարողանա կենսագործունեությանը ներքին վտանգ սպառնացող երևույթների ժամանակ բժշկական միջամտություն իրականացնի, ինչու չէ նաև վիրահատական: Եվ միաժամանակ այդ մարմինը նաև թիկնապահ է, որը կարողանում է մեդիա ծառայություններին պաշտպանել արտաքին ճնշումներից, այդ թվում` քաղաքական: Կարգավորող մարմինն ուներ և ունի այդ կարգավիճակը, բայց որպեսզի նրան օժտենք այս լիազորությունները իրականացնելու հնարավորությամբ, անհրաժեշտ էր, որպեսզի նրան օժտեինք նաև որոշակի գործիքակազմով: Եվ այդ գործիքակազմի մեջ մտնում էին ինչպես արդեն, եթե պատկերավոր շարունակենք խոսել, վիրահատական միջամտության համար անհրաժեշտ գործիքները բժշկական, այդպես էլ որոշակի զինանոց լավ թիկնապահ լինելու համար»:

Պատգամավոր Վահագն Թևոսյանը կարևոր է համարում, որ օրենսդրական փաթեթն ընդունվի մինչև 2020թ. հուլիսի 20-ը, քանի որ այդ ժամկետն է սահմանված հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթների համար: Ըստ Թևոսյանի` անհրաժեշտ է, որ օրենքն ավելի շուտ ընդունվի, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում:

«Ահագին թեթևացրել ենք մի հոդված, որտեղ կային կարծիքներ, որ որոշակի այսպես ասած` խնդիրներ կարող են ստեղծվել խոսքի ազատության հետ, դրա համար մենք ասացինք` դա կթողնենք ուրեմն մաքրած վիճակով` առաջինից երկրորդ ընթերցում կշարունակենք աշխատել», - նշեց նա:

Քննարկվող օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները համաձայն են` դաշտը աղբից մաքրելու կարիք ունի, բայց դա պետք է անել այնպես, որ չվտանգվի խոսքի ազատության իրավունքը:

«Հաջորդ քայլով ես կարծում եմ` պետք է պատասխանատվության ինստիտուտը մենք փորձենք ավելի զարգացնել, որպեսզի իրոք այն միս ու արյուն ստանա, իրոք այն գործի, որովհետև ես կրկնում եմ` հիմա գործող իրավակարգավորումներով սա խրթին է, և հաճախ աննպատակ և անիմաստ է մտնել այդ դատական քաշքշուկների մեջ, որովհետև դրա արդյունքը չի լինելու այն, ինչ դու ուզելու ես: Այստեղ 2 տարի կամ տարիուկես հետո ինչ-որ մի կայք կհերքի ինչ-որ մի բան, որ քո մասին հրապարակել է, և այդքանով կսահմանափակվի ամեն ինչ: Սա, կարծում եմ, իրավաչափ չէ, և մեզանից ոչ ոք այսօր ապահովագրված չէ, որ իր նկատմամբ նման մեդիա արշավ ինչ-որ մի պահի չի սկսվի», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշում է` վերջին ամիսներին, հատկապես համարավարակի իրավիճակում ավելի տեսանելի է, թե ինչ հետևանքներ է ունենում ապատեղեկատվությունը. - «Բաց կա օրենքում, և այդ մասով ես առաջարկություններ կներկայացնեմ երկրորդ ընթերցումից առաջ, ֆինանսական թափանցիկության հարցն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG