Մատչելիության հղումներ

Կարինե Խոդիկյան․ Սա առաջին դեպքն է, երբ չեմ գրել դերասանի համար, ես գրել եմ ինձ համար


Հազվադեպ է պատահում, երբ դրամատուրգն ինքն իր ստեղծագոծությունն է ներկայացնում բեմում: Այսպիսի մի համարձակ քայլ նախաձեռնեց արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը՝ այս օրերին անցկացվող «Ամմոնո» փառատոնի շրջանակներում ներկայացնելով իր իսկ հեղինակած «Ինչպես խույս տվեցի քովիդից» պիեսը:

«Ազատության» հետ զրույցում Կարինե Խոդիկյանը շեշտում էր, որ առհասարակ համարձակ քայլ էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի կողմից համավարակային այս պայմաններում թեկուզ 20 հանդիսատեսով, բացօթյա բեմադրություններով իրականացնել փառատոնը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Փառատոնին մասնակից արտասահմանյան երկրների մենաներկայացումները, բնականաբար, հանդիսատեսին են մատուցվում առցանց տարբերակով, բայց Հայաստանի մասնակիցները, խստորեն պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այս անգամ հնարավորություն ստացան վերջապես մի քանի ամսվա դադարից հետո հանդես գալ հանդիսատեսի առջև:

Անձամբ Կարինե Խոդիկյանը արդեն 18-րդ տարին է, որ մասնակցում է փառատոնին որպես դրամատուրգ՝ այս անգամ եզակի բացառությամբ նաև անձամբ ներկայացնելով սեփական ստեղծագործությունը:

Խոդիկյան. – 1987-ից պիես եմ գրում: Եվ առաջին անգամ է, որ խախտում եմ խոստումս: Տարիներ առաջ հերթական պիեսից չիտկայից հետո ռեժիսորը կեսկատակ-կեսլուրջ առաջարկեց փորձել դերերից մեկը: Ես էլ կեսկատակ ու շատ լուրջ ասացի, որ դրամատուրգը դերասանին գործ տվող է, ոչ թե նրա ձեռքից գործ առնող: 33 տարի 50-ից ավելի պիես եմ գրել դերասանի համար: Բայց` հունիսի վերջերն էր, ուշ երեկո, Մարիաննա Մխիթարյանի հետ հեռախոսազրուցում էինք, նա պատմում էր «Արմմոնո»-ից, ես էլ հպանցիկ ասացի, որ ինչ-որ բան եմ մտմտում պիեսանման: Մեր խոսակցության ավարտին պայմանավորվեցինք, որ դեռ չգրված պիեսը ես ներկայացնելու էի փառատոնին, որի անցկացումը դեռ մշուշոտ էր: Այսպիսի բան կարող են անել միայն երկու կանայք: Հիմա, որ խախտել եմ իմ սկզբունքը, ես երկու արդարացում ունեմ: Սա ավելի շատ այս օրերի մտորում է, քան պիես: Երկրորդ, էլ ինչպե՞ս կարող էի իմ սիրելի մարդկանց ամիսների բացակայությունից հետո հավաքել մեկտեղ: Ահա այս ամենը գումարվեց իրար, և դարձավ «Ինչպես խույս տվեցի կորոնավիրուսից» մոնոպիեսը, որը մեր օրերն են, մեր ապրումները մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց մինչև վերջին տող, վերջին նախադասությունը գրել էի օգոստոսի 2-ի առավոտյան, ներկայացումից անմիջապես առաջ:

«Ազատություն». – Այսինքն` դա ինչ-որ չափով կարելի է կոչել նաև ինքնակենսագրակա՞ն:

Խոդիկյան. – Այո: Երբևէ ինքնակենսագրական որևէ մի փաստ, դա իմ սկզբունքն է, իմ գրականություն չեմ բերում: Սա առաջին դեպքն է. ես չեմ գրել դերասանի համար, ես գրել եմ ինձ համար:

«Ազատություն». – Քանի որ Դուք խախտել եք Ձեր սկզբունքը երկու անգամ...

Խոդիկյան. – Կորոնավիրուս է... ես արդարանում եմ նրանով, որ էս պահերը լրիվ մի անսովոր կյանք է, որ նույնիսկ ես անսովոր, այո, երկու անգամ խախտել եմ իմ սկզբունքը:

«Ազատություն». – Կարելի է հետևություն անել, որ ի վերջո հաջորդ տարի կամ հաջորդաբար հնարավոր կլինի կրկնել:

Խոդիկյան. – Տարիները տարիք են դառնում, երբ սկսում ես ավելի խոհեմ հայտարարություններ անել: Դրա համար երբեք մի ասա երբեք: Բայց ես հույս ունեմ. հենց հիմա պիես եմ գրում դերասանների համար, այսինքն` իմ սկզբունքը մնում է: Բայց եթե նորից նման մի բան լինի, դա կլինի հերթական փոքրիկ խախտումը: Ոչ ավելի:

«Ազատություն». – Բայց Ձեզ դուր եկավ հանդես գալ հանդիսատեսի առջև:

Խոդիկյան. – Շատ վախենալու է: Խոնարկվում եմ դերասանների առջև: Գիտեք ինչ, տաղանդը, շնորհքը մի բան է, բայց մարդկանց առաջ հանդես գալը դա լրիվ ուրիշ զգացողություն է և պարտավորություն է: Միշտ գրել եմ դերասանի համար, և իմ կուռք եղել է դերասանը, որը պիտի լինի բեմում: Իմ հարգանքը նրա նկատմամբ ավելի ավելացավ: Եվ իմ հաջորդ պիեսների մեջ իմ այդ սերը և հիացմունքը, ինձ թվում է, ավելի կարտահայտվի:

Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG