Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի առթիվ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է


Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել: Այդ ժամանակ Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Դեպքի առթիվ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

Համաձայն հաղորդագրության, վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG