Մատչելիության հղումներ

Եթե հանքը շահագործվի, պետք է ունենանք բոլոր երաշխիքները մտահոգությունների փարատման առումով. Ռոմանոս Պետրոսյան


Ամուլսարի հանքը, արխիվ

Ամուլսարի հարցը երեկ կրկին բախման պատճառ դարձավ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների, ոստիկանների ու շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների միջև:

Ամուլսարի շահագործմանը դեմ դուրս երկած բնապահպաններն առավոտյան հայտարարեցին, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռացրել է դեպի սար տանող ճանապարհն արգելափակած ակտիվիստների տնակներն ու սեփականները տեղադրել: Հանքի շահագործման իրավունք ստացած ընկերությունն էլ հայտարարեց, որ հեռացրել են իրենց տարածքում ապօրինի տեղադրված գույքը:

Օրվա ընթացքում արդեն Երևանից ավտոերթով խմբեր միացան բնապահպաններին: Թեժ իրավիճակը վերահսկելու համար տարածքում էին նաև ոստիկանական մեծ ուժեր: Ամուլսարի պահապանները, նրանց սատարողներն ու ոստիկանները հայտնվել էին տարբեր բարիկադներում: Տեղում էր նաև Վայոց ձորի ոստիկանապետը, եղան բերման ենթարկվածներ:

Բախումներին զուգահեռ «Ազատության» ուղիղ եթերում ֆեյսբուքյան օգատատերերի հարցերին էր պատասխանում շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Ի պատասխան Ամուլսարի թեմայով մի շարք հարցերի, նախարարն ասաց, որ խորքային գնահատականներ տալու համար իրեն ժամանակ է հարկավոր՝ հավելելով՝ դեռ երեք օր է զբաղեցնում այս պաշտոնը:

Նորանշանակ նախարարը, հղում անելով այս թեմայով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ընդգծեց. «Եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով: Եթե այդ երաշխիքները չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի»:

«Փորձագիտական, մասնագիտական գնահատականներին ծանոթ եմ ընդամենը որպես իշխող կուսակցության քաղաքական թիմի անդամ և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այս կարգավիճակում, բնականաբար, իմ գնահատականները շատ ավելի կարևոր են ու շատ ավելի հիմնավորված ու փաստարկված պետք է լինեն: Բնապահպանական շարժումների, նրանց ներկայացուցիչների հետ էլ պետք է խոսեմ, աշխատելու եմ իրենց հետ մասնավորապես բաց, շիտակ և թափանցիկ: Չի կարող լինել որևէ մի մտահոգություն, որը հաշվի չառնվի, որևէ մի փաստարկ, որը քննարկելի չլինի, դա ես երաշխավորում եմ: Ամուլսարի հարցի կարևորությունը ես չեմ նսեմացնում, բայց նաև խնդրում եմ դրսևորել ողջամիտ վարք, զսպվածություն և համբերատար սպասել, քանի դեռ ես չեմ տիրապետում ամբողջական, խորքային տվյալներին», - ասաց Պետրոսյանը:

Դեռ ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հարցը հայտնվել է փակուղային իրավիճակում և խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի դեռ դեպի սար տանող ճանապարհները փակ են: «Լիդիան Արմենիա» ընկերությունն ու բնապահպաններն էլ իրենց հերթին մեղադրում էին իշխանություններին անգործություն դրսևորելու մեջ:

XS
SM
MD
LG