Մատչելիության հղումներ

Երևանի նախկին փոխքաղաքապետին առաջադրված մեղադրանքն առնչվում է Ռուբեն Հայրապետյանի քրեական գործին


Վահե Նիկոյան, արխիվ։
Վահե Նիկոյան, արխիվ։

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Իր կուսակցի՝ հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով անցնող նախկին պաշտոնյան այսօր չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին՝ խորհուրդ տալով խոսել իր փաստաբանի հետ։

Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել նախկին երկու պաշտոնյաներին։

Ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ կապ հաստատել Նիկոյանի փաստաբանի հետ՝ պարզելու նաև, թե ինչ հիմքով է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժել կալանավորել հանրապետական Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ փոխքաղաքապետ աշխատած Նիկոյանին ու նրա նախկին ենթակային։

ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախկին փոխքաղաքապետը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը
մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։ Իրավապահ կառույցից պարզաբանում են, որ նախկին պաշտոնյան անցնում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրեական գործով։

Ըստ ՀՔԾ-ի, Նիկոյանը մեղադրվում է Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների հրապարակային
սակարկությունները կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու համար։

Ըստ քրեական գործի, 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը 2014-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդում մի ավելի քանի անգամ պակաս՝ մոտ 169 միլիոն դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։

Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները
չարաշահելու համար, փոխանցում է ՀՔԾ-ն։ Այս գործով մեղադրյալների թիվը հասել է 4-ի։

Մեկ այլ քրեական գործով Հայրապետյանը մեղադրվում է իր նախկին աշխատակցին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության, լիազորությունները
չարաշահելու համար։

Արդեն չորս ամիս Ռուսաստանում գտնվող ու հետախուզվող Հայրապետյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն օրեր առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ իր պաշտպանյալին առնչվող քրեական գործերն անհիմն են ու հետապնդման նպատակ ունեն․ - «Սկսեցին արշավ պարոն Հայրապետյանի նկատմամբ։ Դրանք հանգեցրեցին նրան, որ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնք քրեական գործ լինելու էնքան աղերս ունեն, ինչքան որ դրանք գրված են թղթի վրա»։

Փաստաբանի փոխանցմամբ, Հայրապետյանը
Մոսկվա է մեկնել բուժման նպատակով ու թեև խոստացել էր վերադառնալ, բայց այդպես էլ Հայաստան չի եկել։

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը դեռևս չի հաղորդում, թե որն է հետախուզման դադարեցման պատճառը։ Տեղեկատվություն ստանալու համար դիմել են Ռուսաստանի իրավապահներին։ Դեռևս պատասխան չունեն։

Ինչ վերաբերում է արդեն մեղադրյալի կարգավիճակ ունեցող Երևանի նախկին փոխքաղաքապետին, ապա Վահե Նիկոյանը այդ պաշտոնին նշանակվել է Երևանը 2011 թվականից մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը ղեկավարած Տարոն Մարգարյանի օրոք՝ 2012 թվականի հունվարին և այդ պաշտոնում աշխատել է 6 տարի։ Նիկոյանը ղեկավարել է նաև Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խումբը։

Գործող քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրվելուց հետո ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Նիկոյանը մերժել էր Մարությանի առաջարկը շարունակել քաղաքապետարանում աշխատանքը ոչ թե փոխքաղաքապետի պաշտոնում, այլ՝ որպես իր խորհրդական։

XS
SM
MD
LG