Քրեածին որոշ տարրեր փորձում են նոր ուղիներ և եղանակներ փնտրել՝ թմրամիջոցներն ու արգելված այլ իրերը և առարկաները քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար, այսօր հաղորդում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ): Ծառայության կողմից իրականացվող համալիր միջոցառումների արդյունքում երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ծառայողները բացահայտել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքով թմրամիջոցի ներնետման դեպք։
«Վերջին օրերի ընթացքում քրեակատարողական հիմնարկում նկատվել են հեռակառավարվող անօդաչու սարքի հետախուզական թռիչքներ, ինչը հիմնարկի պահպանությունը խստացնելու և համապատասխան ստուգողական գործողություններ իրականացնելու լրացուցիչ ազդակ է հանդիսացել», - նշված է հաղորդագրությունում:
«Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն արտաքին պահակետերի 4-րդ դիտաշտարակի տարածքում արձանագրել են հեռակառավարվող անօդաչու սարքի հերթական թռիչքը, որը մոտենալով թիվ 5 մասնաշենքի և կաթսայատան միջնամասին՝ կատարել է ներնետում։ Անհապաղ ձեռնարկված գործողությունների արդյունքում հիշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պլաստմասե թափանցիկ, շշանման տարա, որում եղել են ծխախոտի տուփ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 43,44 գրամ քաշով դեղնականաչավուն բուսական զանգվածով, «Kinder» ապրանքանիշի շոկոլադի միջուկը կազմող պլաստմասե տարա, որը պարունակել է 8,11 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող և 18,99 գրամ քաշով, հաշիշի յուղ հիշեցնող մածուցիկ զանգվածներ», - մանրամասնում է ՔԿԾ հաղորդագրությունը:
Դեպքի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
«Քրեակատարողական ծառայությունը նախազգուշացնում է՝ այսուհետ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող ցանկացած անօդաչու թռչող սարք անմիջապես կենթարկվի ոչնչացման», - ասված է հաղորդագրությունում: