Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է` Ծառուկյանն անհամատեղելիության պահանջը առերևույթ խախտել է, թե ոչ


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Մինչև հոկտեմբերի սկիզբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը ներկայացնի այն մասին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը անհամատեղելիության պահանջը առերևույթ խախտել է, թե ոչ։ Հուլիսի 6-ի վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմումի հիման վրա, որին կցված է հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։

Պատգամավորը, Սահմանադրության համաձայն, իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրությամբ։ Փաստաթղթով որոշվել է դադարեցնել ընկերության` կալանքի տակ գտնվող տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։ Արդարադատության նախարարությունից հանձնաժողով ուղարկած փաստաթուղթն այն մասին է, որ պատգամավորն անձամբ է մասնակցել իրեն պատկանող բիզնեսների կառավարմանը, քանի որ, ինչպես հանձնաժողովի կայքում է գրված, Ծառուկյանն առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրենի նշանակման որոշման կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը փոխանցեց՝ վարույթը գտնվում է ուսումնասիրման փուլում. - «Վարույթի ընթացքը որպես այդպիսին իր բոլոր գործողություններով հրապարակման ենթակա չէ»:

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց` հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու որոշումը դեռ չեն ստացել։ Հուլիսի 6-ին հարուցված վարույթի մասին տեղեկացել են համացանցից 2 շաբաթ անց հանձնաժողովի կայքում արված հրապարակման միջոցով։ Նկատում է՝ դիմում ստանալուց հետո հանձնաժողովը որևէ այլ ընթացակարգ, քան վարույթ ընդունելն է, չունի։ Հետևաբար ըստ փաստաբանի` սա դեռ ոչինչ չի նշանակում. - «Պարոն Ծառուկյանը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի իրեն սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների կառավարմանը չի մասնակցել, իսկ այդ ժողովին, որ մասնակցել է, փաստացի, ըստ էության, նա որևէ կառավարչական լիազորություն, գործառույթ չի իրականացրել»:

Ծառուկյանը՝ իր գործարար պատգամավոր լինելու մասին բոլոր հարցերին ի պատասխան տարիներ շարունակ հայտարարել է՝ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր և իր բոլոր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման։ Հարցը մեկ անգամ չէ, որ կասկածի տակ են դրել տարբեր ընդդիմադիր գործիչներ, այդ թվում` այսօր իշխանության մեջ գտնվողները։ Սահմանադրությամբ սահմանված գործարար - պատգամավոր անհամատեղելիությունը Ծառուկյանի կողմից խախտելու հարցով քննություն սկսելու համար արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել և մերժում էր ստացել ՀՔԾ-ից, դատախազությունից, առաջին ատյանի դատարանն էլ գտել էր, որ մերժումներն իրավաչափ են։ Որոշումը բողոքարկվում է Վերաքննիչում։ Կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանն ասում է. - «Երբ ինքը կարգադրություն է տալիս` այսինչի գինը փոխեք, այնինչը բարձրացրեք, իջեցրեք, կապ չունի` ինքը ի պաշտոնե լիազորված է, թե առանց այդ լիազորությունների է անում, ինքը փաստացի այդ գործողությունն անում է, և սա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել է կոչվում` համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի: Ժամանակագրական առումով մենք մեկ տարի առաջ ոչ պակաս հիմնավոր ապացույցներ էինք ներկայացրել, քան հիմա այդ ստորագրությունն է: Ես կարծում եմ՝ նույնիսկ ավելի հիմնավոր, քան այդ ստորագրությունն է: Եվ մեկ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի մարմիններն անտեսել են այդ փաստերը իրավական ֆոնին, և ես կարծում եմ, որ դա հստակ պայմանավորված է այն քաղաքական ուղերձով, որը կառավարող մեծամասնությունը հնչեցնում էր, որ ճիշտ չի լինի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ նման գործընթաց սկսել»:

Նահապետյանն ասում է՝ այս ամբողջ գործընթացից մեկ ակնկալիք ունի` ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավոր չպետք է լինի, կանխատեսումներ անել, սակայն, դժվարանում է, չցանկանալով կասկածի տակ դնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օբյեկտիվությունը` նա նկատում է` 2019 թվականի նոյեմբերից գործող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ էլ կարող էր ընթացք տալ ավելի վաղ իրենց կողմից բարձրաձայնված այս հարցին. - «Ես համոզված եմ, որ նրանք տեղյակ էին մեր հարուցած գործընթացի մասին, և նրանք կարող էին պոստ ֆակտում վերցնել դա վարույթ սեփական նախաձեռնությամբ, առավել ևս որ այդտեղ չկար հետադարձ ուժի խնդիր, որովհետև արարքը, որը մենք վերագրում ենք պարոն Ծառուկյանին, կատարվել է օրենքի գոյություն ունենալու պայմաններում, հետադարձ ուժի խնդիր չկա. ինքն այն պահին, երբ այդ արարքն արել է, այդ արարքն այդ պահին արգելված է եղել»:

Հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը այսօր գործում է 4 անդամով։ Երկուսը ընդդիմադիր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցության քվոտայով ընտրված ներկայացուցիչներ են, երկուսը` ԲԴԽ-ի և կառավարության քվոտայով։ Հավասար ձայների դեպքում որոշիչ ձայնը հանձնաժողովի նախագահինն է, այս դեպքում` ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանինը։

Ի դեպ, հենց հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության քվոտայով ընտրված Էդգար Շաթիրյանը հրաժարական տվեց։ 2019 թվականի նոյեմբերից թափուր մնացած նոր անդամի տեղը չի լրացվում, քանի որ Շաթիրյանի հրաժարականից հետո «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եղան, և նոր անդամի առաջադրումը իրականացվում է մրցութային հանձնաժողովի միջոցով, որն էլ չի ձևավորվում, քանի որ ԱԺ-ում չեն կարողանում կոնսենսուսի գալ այդ հանձնաժողովում իրենց ներկայացուցչի հարցի շուրջ։

Եվ վերջերս հուլիսի 15-ին հանձնաժողովի կողմից Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցը վարույթ ընդունելուց օրեր անց իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը 24-ժամյա ռեժիմով լիագումար բերեց օրենսդրական փաթեթ, որով ընդլայնվեցին ԱԺ նախագահի լիազորությունները, և Արարատ Միրզոյանին հնարավորություն տրվեց ինքնուրույն նշանակել մրցութային հանձնաժողովում ԱԺ-ի ներկայացուցչին, որպեսզի արագացվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր անդամի ընտրության գործընթացը։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն այս երկու գործընթացներում կապ չի տեսնում. - «Դուք կապում եք իրար հետ որևէ ձևով առնչություն չունեցող և որևէ ձևով մասնագիտական գրագիտության տեսանկյունից կապ չունեցող 2 տարբեր բաներ»:

Գագիկ Ծառուկյանը խախտել է Սահմանադրությունը, թե ոչ, հարցի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնելու 90-օրյա ժամկետում, որից հետո արդեն ԱԺ-ի լիազորությունների շրջանակում է հարցը` խորհրդարանում երկրորդ ամենամեծ ուժի խմբակցության ղեկավարը կզրկվի մանդատից, թե ոչ։

Ծառուկյանը վերջերս զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, երբ գլխավոր դատախազի միջնորդությամբ խորհրդարանը թույլատրեց նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ ԲՀԿ ղեկավարը մեղադրվում է ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։

XS
SM
MD
LG