Մատչելիության հղումներ

Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցվել


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել, հայտնում է կառույցի ֆեյսբուքյան էջը:

Վարույթ հարուցելու համար, ըստ այդ հայտարարության, առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը: Արձանագրությամբ որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը):

«2020թ. մայիսի 27-ին Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարգիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գ. Ծառուկյանը, ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով:

Այդուհանդերձ, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ
ՀՀ ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերևույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն», - փոխանցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Նշվում է նաև, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն օրենքի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Հանձնաժողովը որոշել է Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ:
Ըստ հաղորդագրության` վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից հանձնաժողովին հասցեագրված դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG