Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը ԵԱՀԿ ՄԽ օրակարգում է. ԱԳՆ


Վիեննայում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել է Ադրբեջանի կողմից ատելության հենքով հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, ներկայացնելով ԵԱՀԿ մասնակից երկրներում և այլուր հայերի և հայկական համայնքների անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքի խափանման և վերջիններիս ունեցվածքի միտումնավոր ոչնչացման դեպքերը, նշել է, որ դրանք ադրբեջանցիների որոշ խմբերի կողմից իրագործված էթնիկ պատկանելության հիմքով ատելության հանցագործություններ են՝ ազգությամբ հայերին, հայկական համայնքային կառույցների անդամներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով։

Պապիկյանը նաև ԵԱՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ադրբեջանցիների այդ խմբերի ագրեսիվ գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են այդ երկրներում Ադրբեջանի դեսպանությունների կողմից։ Ավելին՝ հայկական կողմի ունեցած ապացույցները վկայում են, որ առնվազն մեկ դեպքում այդ գործողությունների կազմակերպմանն աջակցել է նաև Թուրքիայի դեսպանությունը։

«Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, ինչը հավասարազոր է Ադրբեջանի և նրա բռնապետական իշխանությունների վարքագծի հանդեպ թողտվության, էլ ավելի է խրախուսում այդ երկիրը կառավարող ռեժիմին շարունակել հայատյացության քարոզչությունը», - ընդգծել է Պապիկյանը։

Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված բռնությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG