Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 354-ով, բուժվածներինը՝ 631-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Բուժաշխատողներ և շտապ բուժօգնության ավտոմեքենաներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 354-ով՝ հասնելով 38 հազար 550-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 631-ով և հասել 28 հազար 997-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1982 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 163 հազար 736-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մեկ այլ հաղորդագրությամբ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին կորոնավիրուսային հիվանդությունից ևս մեկ բուժաշխատող է մահացել՝ երրորդը վերջին տասն օրվա ընթացում:

«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին`ուժ ու համբերություն», - ասված է հաղորդագրությունում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 738-ի, ևս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 587 մարդ:

XS
SM
MD
LG