Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին ձերբակալել իրեն


Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլի, արխիվ

Ադրբեջանի ընդդիմության ղեկավարներից մեկը՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, կոչ է արել երկրի իշխանություններին ձերբակալել իրեն՝ փոխարենն ազատ արձակելով վերջին երկու շաբաթներին ճաղերի ետևում հայտնված կուսակցական ակտիվիստներին։ Այս մասին Քերիմլին հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ ընդդիմադիր կայքերից մեկի ուղիղ եթերում։

Հարցազրույցի ընթացքում Քերիմլին նաև խոստացել է իր աջակիցներին ազատ արձակելու դեպքում հրաժարական ներկայացնել կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես նաև այդ պաշտոնում չառաջադրվել Ժողճակատի՝ աշնանը կայանալիք համագումարի ընթացքում։

Ալի Քերիմլին նշել է, որ հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը տեղի ունեցած ցույցի պատճառով արդեն իսկ ձերբակալվել են Ժողճակատի 27 ակտիվիստներ, որոնցից 13-ին քրեական մեղադրանքներ են առաջադրվել, 13-ին էլ վարչական իրավախախտումների մեջ են կասկածում։

«Ձերբակալված կուսակցական ակտիվիստների մեծ մասը ընդհանրապես չի մասնակցել Բաքվում կազմակերպված ցույցին», - հայտարարել է Ժողճակատի առաջնորդը։

XS
SM
MD
LG