Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 17 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 667 հազարը, բուժվել է մոտ 10 միլիոն մարդ


Ռուսաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման նպատակով հետազոտություններ Սանկտ Պետերբուրգի լաբորատորիայում, մայիս, 2020թ.
Ռուսաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման նպատակով հետազոտություններ Սանկտ Պետերբուրգի լաբորատորիայում, մայիս, 2020թ.

Ըստ ռուս պաշտոնյաների` Ռուսաստանը կլինի առաջին երկիրը, որը զանգվածային արտադրության կդնի կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութը:

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, ով կառավարությունում վերահսկում է առողջապահական հիմնախնդիրները, ասում է, որ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակների թողարկումը նախատեսված է այս տարվա աշնանը:

Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն էլ ասել է. - «Դա արբանյակ արձակելու պահի նման է: Ամերիկացիները զարմացած էին, երբ լսեցին արբանյակի ազդանշանը: Այս պատվաստանյութի հետ նույնն է կատարվում: Ռուսաստանն առաջինը կլինի այս հարցում»:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 17 միլիոնը, զոհվել է ավելի քան 667 հազար մարդ, բուժվել է մոտ 10 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Ինչպես և նախորդ օրերին, վարակակիրների թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը։

Միացյալ Նահանգներում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը, վեց նահանգներում՝ հարավում և Արևմտյան ափին, գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային աճ:

Դեպքերի թվի աճ են արձանագրում ամբողջ Եվրոպայում, բայց որևէ երկրում որոշում չի կայացվել խիստ սահմանափակումների վերադառնալու և սահմանները փակելու վերաբերյալ:

Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար մարդ է հիվանդացել, իշխանությունները կարանտինի նոր կանոններ են սահմանում:

Ղազախստանում խիստ սահմանափակումների ռեժիմը երկարաձգվեց ևս երկու շաբաթով:

Ղրղըզստանում, որտեղ հիվանդների հոսքը չի պակասում, և բժիշկները նրանց սպասարկելու լուրջ խնդրի առջև են կանգնած, այսօր սուգ է հայտարարված համաճարակի զոհերի համար:

Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես կորոնավիրուս չկա, իշխանությունները պահանջում մահացածների հարազատներից քողարկել նոր գերեզմանները, որպեսզի դրանք արբանյակներից տեսանելի չլինեն: Իշխանությունների նոր պահանջը համընկել է վերջերս լույս տեսած ACCA-ի հրապարակմանը, որը, վկայակոչելով արբանյակային քարտեզները, հաղորդել է Բալկանաբատ քաղաքում գերեզմանների թվի աճի մասին: Լրագրողները պարզել են, որ վերջին երկու տարվա ընթացքում այդ քաղաքում մահացել է 524 մարդ, մինչդեռ գրեթե մեկ ամսում` այս տարվա մարտ-ապրիլին, գերեզմանատանը հայտնվել է ևս 317 գերեզման: Այս երկրում դեռ ժխտում են կորոնավիրուսի առկայությունը՝ չնայած հիվանդանոցները գերբեռնված են, և մահացության ցուցանիշներն աճում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG