Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող երկրների շարքում վրացիները նշել են նաև Հայաստանը


Վրաստան - Ջերմաչափում Թբիլիսիի խանութներից մեկի մուտքի մոտ, հունիս, 2020թ.

«Արդյո՞ք կարծում եք, որ որևէ երկիր Վրաստանում գիտակցաբար կեղծ տեղեկատվություն/ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի մասին», - Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) այս հարցին դրական պատասխան են տվել հարցվածների գրեթե մեկ երրորդը։ Ինչ վերաբերում է կոնկրետ երկրներին, վրացիներն առաջինը նշել են Ռուսաստանը (37 տոկոս), Հայաստանը (22 տոկոս) և Չինաստանը (11 տոկոս)։ Վրացիների կարծիքով՝ հիմնականում այս երեք երկրներն են կեղծիք տարածում, մյուս հարևաններին կասկածել են քչերը։

Հարցվածների մեծամասնությանը ՝ 60 տոկոսին անհանգստացնում է կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը, միաժամանակ, նրանք պնդել են, թե կարողանում են կեղծիքը տարբերել ճշմարտությունից։

Ընդդիմությունը մեկնաբանել է հարցումների այս մասը։ «Ազգային շարժման» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, թե հարցումների արդյունքները հաստատել են Լուգարի լաբորատորիայի դեմ ռուսական պրոպագանդայի ձախողումը։

«Շատ դրական է, որ ռուսական ապատեղեկատվությունը չի անցել, և մեր բնակչության մոտ աջակցություն չի ստացել ռուսական ապատեղեկատվությունը Լուգարի լաբորատորիայի դեմ։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ հատկապես բժշկական այդ հաստատությունն է ամենադրական դերակատարումն ունեցել համավարակի դեմ պայքարում», - ասել է Գոցիրիձեն։

Հարցվածների 66 տոկոսի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Լուգարի լաբորատորիան դրական ներդրում է ունեցել, իսկ 4 տոկոսը, ընդհակառակը, գտնում է, որ այն համավարակի տարածման օջախ է։

Գոցիրիձեի կարծիքով, հարցումը նաև ապացուցել է բնակչության մի մասի անընդունակությունը՝ տարբերակելու ապատեղեկատվությունը: Հարցվածների կեսի կարծիքով՝ վիրուսն արհեստական ծագում ունի, ստեղծվել է լաբորատորիայում, ինչը, ըստ վրացի քաղաքական գործչի, «խոսում է քաղաքացիների մի մասի կրթական ցածր մակարդակի մասին»։

Հունիսի 26-30-ը NDI-ի անցկացրած հարցումներն ամբողջովին վերաբերել են կորոնավիրուսի թեմային, կորոնավիրուսի ազդեցությանը վրաց հանրության տրամադրությունների վրա։

Վրացիների 53 տոկոսը համոզված է, որ կրոնը պաշտպանում է հավատացյալներին կորոնավիրուսից։ Չնայած այս համոզմանը՝ վրաց ուղղափառների միայն 10 տոկոսն է խոստովանել, որ այս տարի մասնակցել է Զատիկի կրոնական արարողությանը։

COVID-19-ի արհեստական ծագման տեսակետի կողմնակիցների 52 տոկոսը կամ 2/3-ը համոզված է, որ վիրուսը տարածվել է դիտավորյալ, երեքից մեկի կարծիքով՝ պատահական արտահոսք է տեղի ունեցել։ Վրացիների 13 տոկոսը համոզված է, որ վիրուսը բնական ծագում ունի, և ընդամենը 3 տոկոսը ժխտում է կորոնավիրուսի գոյությունը։

Վրացիների մոտ գրեթե նույն տրամադրություններն են, ինչ շատ այլ երկրներում։ Օրինակ, 10 տոկոսի կարծիքով՝ կորոնավիրուսի տարածումը կապ ունի 5G ինտերնետ տեխնոլոգիական համակարգի հետ։

Առողջապահական և սոցիալական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սերգո Չիխլաձեն ասել է, որ դավադրապաշտական տարբեր տեսությունները պարարտ հող են գտնում աղքատ ապրող մարդկանց շրջանում։ «Վրաստանում մարդիկ աղքատ են։ Նրանք կրթություն ստանալու խթաններ չունեն, որովհետև ամբողջ ժամանակ զբաղված են գոյություն պահապնելու միջոցներ որոնելով։ Բնականաբար, աղետալի աղքատության ֆոնին մարդիկ սկսում են հավատալ դավադրությունների տեսությունների և այլ անհեթեթությունների։ Այս երևույթներին հնարավոր է հակազդել միայն մի ճանապարհով՝ բարելավել կրթական համակարգն ու բարձրացնել մարդկանց տնտեսական բարեկեցությունը։ Մյուս բոլոր դեպքերում արդյունքները չնչին կլինեն», - ասել է Սերգո Չիխլաձեն։

Կորոնավիրուսի դեմ պայքարում ծանրակշիռ մեծամասնությունը՝ 73 տոկոսը նշել է բժիշկների և կառավարության դերը, 17 տոկոսի կարծիքով՝ վճռական նշանակություն է ունեցել վրացիների գենետիկան և կրոնը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակիցներին ու հակառակորդներին, ապա դեղամիջոցի հակառակորդները Վրաստանում ավելի շատ են՝ 46 տոկոսն ասել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ընդունի, 38 տոկոսը՝ թե կընդունի, 15 տոկոսը մտածում է։

XS
SM
MD
LG