Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը:

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականները և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի և Ռուսաստանի տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:

XS
SM
MD
LG