Մատչելիության հղումներ

«Սթոնս» ընկերության գլխավոր հաշվապահը կալանավորվել է


«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, արխիվ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, կալանավորվել է «Սթոնս» ընկերության գլխավոր հաշվապահը:

Հաղորդելով այս մասին՝ Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 20-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեության կառավարմամբ զբաղված «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, Գուրգեն Սարգսյանին և Սուրեն Ավագյանին մեղադրանքներ են առաջադրվել: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունները սեպտեմբերի 21-ին դատարանի կողմից բավարարվել են, սակայն միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային միջոց գրավի կիրառումը: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, ինչպես նաև՝ նույն ընկերությանն իբրև խորհրդատվական ծառայություններ մատուցած «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և «Գևորգյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեններին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Քննչական կոմիտեն այսօր հայտնում է, որ քրեական գործի հետագա նախաքննությամբ նոր հանգամանքներ են պարզվել, հուլիսի 21-ին որոշում է կայացվել «Սթոնս» ընկերության գլխավոր հաշվապահին առաջադրված մեղադրանքները փոփոխելու, լրացնելու մասին, միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը հուլիսի 24-ին բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG