Մատչելիության հղումներ

Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում, սեպտեմբեր, 2017թ.

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայցադիմում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին թուրքական իշխանությունների դրսևորած միակողմանի վերաբերմունքի առնչությամբ:

Հիշատակելով Թուրքիայի բարձրագույն ղեկավարության՝ Ադրբեջանին անվերապահորեն սատարող հայտարարությունները՝ Փայլանն ընդգծել է. - «Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած խնդիրների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է չեզոքություն ցուցաբերեր: Մինչդեռ իշխանությունները կողմնակալ դիրքորոշում են որդեգրել և լարվածությունը թեժացնող հայտարարություններ արել»:

Փայլանը Չավուշօղլուին հետևյալ հարցերն է ուղղել. - «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղային պատճառներո՞վ է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։ Դեռ չե՞ք հասկացել, որ խտրական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն խորացնում է հակասությունները: Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զինամթերք վաճառել Ադրբեջանին։ Արդյոք այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք լարվածությունը։ Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու մասին: Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ապա ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական մոտեցումներով։ Հիշո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար հիմնադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու մասին։ Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի անկայունությունից Ռուսաստանն է շահում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայ-թուրքական սահմանին գտնվող ատոմակայանին հարվածելու սպառնալիքները»:

Ավելի վաղ, հայազգի պատգամավորը թուրքական իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ կողմերի միջև լարվածությունը թեժացնող քայլերից:

XS
SM
MD
LG