Մատչելիության հղումներ

Բանակի զարգացումն ապահովում են գեներալներն ու սպաները, իսկ մեզ մոտ նախկին գեներալ ու սպա չի լինում. Սեյրան Օհանյան


Հայաստանի զինված ուժերը «կառավարման բացառիկ ունակությունների, նախաձեռնությունների, համարձակության, զինվորների հերոսությունների և քաջագործությունների շնորհիվ կարողացան հետ շպրտել հակառակորդին», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ի պատասխան հարցի՝ համաձա՞յն է արդյոք վարչապետին այն գնահատականին, որ Հայկական բանակն այժմ ամենաինտելեկտուալ, ամենաուժեղ և կազմակերպված բանակն է տարածաշրջանում, և կարելի՞ է ասել, որ հիմա բանակն ավելի կազմակերպված է, ավելի լավ վիճակում է, քան նախկին իշխանությունների օրոք, պաշտպանության նախարարը զերծ մնաց քաղաքական ղեկավարության արտահայտությունները, հայտարարությունները մեկնաբանելուց. - «Որովհետև մենք՝ զինվորականներս, մեր ընդհանուր լեքսիկոնում չունենք այդպիսի արտահայտություն, օրինակ՝ նախկին, որովհետև բանակը անընդհատ կատարելագործվող կառույց է, և բանակի զարգացումը ապահովում են բանակի գեներալներն ու սպաները, իսկ մեզ մոտ չի լինում նախկին գեներալ, նախկին սպա»:

«Դեռ ավելին, այս ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրությունը բավականին բարդ է, և նաև Հայաստանի Հանրապետության շուրջը, մեզանից յուրաքանչյուրը, և նաև պահեստազորի գեներալներն ու սպաները շարքում կանգնած են», - ընդգծեց Օհանյանը՝ շարունակելով. - «Ինտելեկտը մեր բանակում երբևիցե չի բացակայել, իսկ բանակի անընդհատ զարգացում, կատարելագործումը խոսում է նրա մասին, որ մեր բանակը եղել է հզոր, եղել է ինտելեկտուալ և այսօր էլ հզոր է և ինտելեկտուալ է»:

«Եվ գիտե՞ք, մեր պատմության ընթացքում որևիցե մի ղեկավար՝ և՛ նախագահները, և՛ այսօրվա վարչապետը, եթե անվտանգությանը, եթե բանակին ուշադրություն չդարձնեին, ապա մեր բանակի թիկունքը, բանակի աջակցության մասը շատ թույլ կլիներ, և այսօրվա հզոր բանակը մենք չէինք ունենա: Մեր բանակը տարածաշրջանում իրոք հաղթանակած բանակ է: Հաղթանակը մենք նշում ենք Արցախյան ազատամարտից ի վեր, և նաև զարգացող բանակ է ու այսօր անընդհատ զարգանում ու կատարելագործվում է», - շեշտեց նախկին նախարարը:

Օհանյանը հայտարարեց, որ Տավուշում բախումների և 2016 թվականի ապրիլյան պատերազմի «նմանությունը միայն կայանում է նրանում, որ մեր ազգը համախմբվել է, և բանակը իր առջև դրված խնդիրը կարողացել է իրականացնել, և երկուսն էլ արդյունք են ադրբեջանական սադրանքի և նաև թուրք-ադրբեջանական դավադրության»: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, «մասշտաբային առումով, օգտագործված ուժերի և միջոցների կիրառման և նաև Ադրբեջանի սադրանքի նպատակի առումով անհամեմատելի գործողություններ են». - «Այսօր մեկ դիրքում են եղել գործողությունները, ընդ որում՝ Հայաստանի տարածքում, իսկ արցախյան տարածքում 2016 թվականի ապրիլյան պատերազմն է եղել, և անհամեմատելի է ուժերի և միջոցների կիրառման, մանավանդ, ասենք, հրետանային ռմբակոծության առումով, ընդ որում, ասեմ, որ մի ամբողջ Արցախյան պատերազմի չափով հրետանային միջոցներ են կիրառվել Արցախի տարածքում, և նաև հենց Ապրիլյան պատերազմի ժամանակ գնդակոծվել են նաև Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը»:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմից առաջ և այժմ գործող նախազգուշական համակարգերին, Սեյրան Օհանյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, տեսադիտարկման սարքը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, այդ սարքավորումները, միջոցները սկսել ենք օգտագործել դեռևս 2011-12 թվականներից, բայց դրանց կիրառումը, հարմարեցումը տեղանքում և լավագույն միջոցների ընտրությունը, կան երկրներ, որտեղից անհնարին է ձեռք բերել այդ ամենը, եղել է այնպես, որ անընդհատ փորձարկել ենք, փոխել ենք, դուր չեն եկել, նորից ենք գնումներ իրականացրել, նորից ենք փորձարկել: Եվ 2016 թվականին հիմնականում այն տեղերում, որտեղ գործողություններ են եղել, այդ տեղերում տեսադիտարկման սարքավորումները տեղադրված են եղել»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG