Մատչելիության հղումներ

«Մի կտոր չոր հաց էլ ունենաս՝ քո տանն ապահով ես». մանկատան շրջանավարտները չորս պատ են երազում


Մհեր Ավագումյանը իր «տանը», արխիվ

Գավառի մանկատան շրջանավարտ Մհեր Ավագումյանը արդեն 13 տարի աշխատում է ավտոլվացման կետում, ապրում՝ 4,5 քառակուսիանոց խցում՝ մեքենաների լվացման սրահին կից։ Վերջին 8 ամիսները դժոխային են՝ սպասման մեջ է. կառավարությունը նախորդ տարեվերջից բնակարանի գնման վկայագրեր սկսեց տրամադրել մանկատան շրջանավարտներին:

«Ես արդեն գնացել էի, տուն էի ման եկել, գտել էի Աշտարակում, գործիս տեղին էլ մոտիկ ա, Աշտարակում սեփական տուն էի գտել՝ բերքատու ծառերով նորմալ մի հատ փոքր տուն», - ասաց Ավագումյանը:

Կառավարության որոշմամբ՝ մինչև 2013 թվականը հերթագրված և դրանից հետո մանկատնից դուրս եկած ու առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 300 սաներ կստանան 6 միլիոն 300 հազար դրամ, բնակարան կգնեն սեփականության իրավունքով, միակ պայմանը՝ տունը առաջին երկու տարին վաճառելու իրավունք չեն ունենա: Մհեր Ավագումյանին, սակայն, սոցապը մերժել էր, ընդ որում՝ մերժման նամակի Մհերի հասցեի տողում նշված էր՝ ք. Երևան, Ավտոլվացման կետ։

«Նեղվեցի, բայց էդ նեղվելը չի թողնում, որ կոտրվեմ, էդ նեղվելու հետ մեկտեղ պետք է պայքարես, սպասես, որպես տղամարդ պետք է ամեն ինչի պատրաստ լինես՝ թե՛ լավին, թե՛ վատին», - նշեց Ավագումյանը:

Խնդիրն այն է, որ տասը տարի առաջ մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագրով Ավագումյանը տուն է ստացել Աբովյան քաղաքում։ Աշխատանքը մայրաքաղաքում էր, այնտեղ հասնել չի կարողացել, և երբ հարց է առաջացել բնակարանով ապահովել մանկատանը մեծացած ու երեխա ունեցող ամուսնական զույգի, Մհերն առանց որևէ առարկության զիջել է բնակարանը: Պատմությունն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հաստատել էր ծրագրի այդ տարիների համակարգող Աննա Մնացականյանը, շեշտելով՝ Մհերը ուներ իրավունք հրաժարվել և հետո ընդգրկվել նոր ծրագրում։

Մհեր Ավագումյանն ասում է՝ այսօր մանկատան բազմաթիվ սաներ տարբեր պատճառներով դուրս են մնացել բնակարանային այս նոր ծրագրից, քանի որ սահմանված չափորոշիչները շատ խիստ են:

«Շատ-շատ կան, լիքը մարդ կա ամաչում է նույնիսկ խոսա, այսօր, օրինակ, երկու-երեք հոգու զանգել եմ, ասել եմ՝ «դու սենց-սենց խնդիր ունես, ինչի՞ չես ներկայացնում, մի տեղ չես ասում», ասում է՝ «Մհեր ջան, ամաչում եմ», - ընդգծեց նա:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանը ներկայացրեց այն չափորոշիչներն, ըստ որոնց ընտրվում են այս ծրագրի շահառուները:

«Մանկատան շրջանավարտը պետք է դուրս եկած լինի մանկատնից իր 18 տարեկանը լրանալու կապակցությամբ, լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չունենա սեփականության իրավունքով գնած տարածություն և դիմելու պահին նախորդած 5 տարվա ընթացքում էլ սեփականության օտարման գործարք կատարած չլինի», - ասաց Մինասյանը:

Կառավարությունը 1 միլիարդ 900 միլիոն դրամ է տրամադրել մանկատան 300 սաների բնակարանային հարցը լուծելու համար, ծրագրից առայժմ օգտվել է 133 հոգի։ Ճիշտ այսքան սան էլ մերժվել, բնակարանի վկայագիր չի ստացել՝ հենց այդ խիստ չափորոշիչների պատճառով։ Օրինակ՝ 18 տարեկանը լրացել է ոչ թե մանկատանը, այլ՝ ուսումնարանում։

Աստղիկ Մինասյանն ասում է՝ կան տեխնիկական պատճառներ, որոնք խանգարում են, որ մարդիկ օգտվեն պետության առաջարկած այս սպասված հնարավորությունից։ Այս խնդիրը լուծելու համար վարչապետի աշխատակազմ նոր առաջարկ են ուղարկել: «Հունվարի 13-ին երեխայի 18 տարին լրացել է, հունվարի 1-ից մանկատունը դարձել է գիշերօթիկ, այսինքն՝ կառավարության որոշում ենք կիրառում, իրան պիտի մերժենք, բայց սա ֆորմալ բնույթ է կրում, հետևաբար նման դեպքերը ներկայացվել են», - ընդգծեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը:

24 անտուն շրջանավարտի հարց ակնկալում են՝ կլուծեն կառավարության առանձին որոշմամբ, որով բացառության կարգով վկայագրեր կստանան մերժվածները։ Մհեր Ավագումյանը հույս ունի՝ ինքն այս թվում է ու 33 տարեկանում տուն կունենա, մնացածը՝ պարզ է:

«Տունը միանշանակ իմ համար առաջին հարցն է, իսկ էն աղջիկ գտնել, ամուսնանալ, սիրել, դա ժամանակի հարց է, հաստատ ինքն իրեն լինելու է», - նշեց Ավագումյանը:

Լարիսա Քոչարյանը դստեր՝ 1,5 տարեկան փոքրիկ Լիզայի, եղբոր ու քրոջ հետ մեկ ամսից ավելի է ինչ ապրում է Քասախի շենքերից մեկում: Տունն իրենցն է՝ գնել են պետության տրամադրած գումարով: Լարիսան ասում է՝ «բոլորով Գավառի մանկատանն էինք, ցանկացանք հարազատներով էլ միասին ապրել»:

«Ասացին սկզբից՝ «չի կարելի այդպես», բայց մենք հո գիտենք, պայմանագիրը կարդացել ենք, որ եթե հարազատ քույր-եղբայր են, կարան իրար հետ ապրեն», - ասաց Լարիսա Քոչարյանը:

Սա իրենց առաջին տունն է. նորոգել են, ծրագրել՝ լվացքի մեքենան, հեռուստացույցը, բազմոցը, որը որ ամսին կգնեն: Կարևորը՝ դրսում չեն, հանրակացարանում չեն, հյուր չեն, սեփական տանն են:

«Առաջինը՝ հանգստություն է այն, որ գիտես, որ ո՛չ վարձ ես տալու, ո՛չ դրսում ես մնալու, որ երեխան մեծանա, տեղ է ունենալու ապրելու», - ընդգծեց նա:

Աննան, որ նկարահանվել չցանկացավ, տուն է գնել Աբովյան քաղաքում՝ չի հավատում, որ տանը մեծացածները կհասկանան իրեն՝ մանկատան շրջանավարտին, բայց փորձեց բացատրել, թե ինչ է զգում. «Ինչ էլ լինի դրսում, դու գիտես, որ գաս քո տուն, քո տան մեջ դու ապահով ես, եթե նույնիսկ ունես մեկ կտոր չոր հաց, քո տան մեջ ամեն ինչ լավ կլինի: Դա շատ կարևոր է մեր նման էրեխեքի համար»:

XS
SM
MD
LG