Մատչելիության հղումներ

13 տարի ավտոլվացման կետում՝ բնակարանի հույսով


Մհեր Ավագումյանը իր «տանը»

Երևանի ավտոլվացման կետերից մեկում ապրող մանկատան նախկին սան Մհեր Ավագումյանը օրեր առաջ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից մերժում է ստացել ՝ մանկատան շրջանավարտների բնակարանների գնման հավաստագիր ստանալ չի կարող։

Ի դեպ, նախարարության նամակի վրա հասցեի տեղում հենց այդպես էլ գրված է՝ ք. Երևան, Ավտոլվացման կետ։

«Նամակի պատասխանն էկել ա՝ որ Դուք բնակարան ստացել եք», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ավագումյանը։

Մհեր պատմում է, որ երկու տարեկանից Գավառի մանկատանն է եղել, ծնող-հարազատ չի ճանաչում, չի տեսել, չգիտի՝ կան- չկան։ 2010-ին մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագրով իրեն էլ տուն են հատկացրել Աբովյան քաղաքում։ Աշխատանքը մայրաքաղաքում էր, այնտեղ հասնել չի կարողացել։

«ՀՕՄ կազմակերպությունից ինձ ասեցին՝ Մհեր ջան, երկու հատ շրջանավարտ կան, երկուսն էլ մանկատան էրեխա, ամուսնացել են, հիմի իրանք ներկա պահին մնալու տեղ չունեն։ Ունեն մեկ երեխա, կինն էլ հղի ա, երկրորդին ա սպասում։ Իրանք դուրսն են։ Դուք զիջեք Ձեր տունը, մենք տան իրանց, հետո նոր ծրագրով Դուք կընդգրկվեք ցուցակում։ Բայց հիմա փաստացի նոր ծրագրում ես չկամ», - պատմեց նա։

Առանց որևէ առարկության զիջել է բնակարանը, և այդ մասին շեշտված է նաև նրա և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված պայմանագրի լուծարման վճռում. - «Համաձայնվեցի, հիմա փաստացի ծրագրում չկամ»։

«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի այդ տարիների ահամակարգող Աննա Մնացականյանը հաստատում է, որ Մհերն իննքնակամ է հրաժարվել բնակարանից, և որ այդ ժամանակ ծրագիրը նման հնարավորություն տալիս էր՝ հրաժարվել և հետո ընդգրկվել նոր ծրագրում. - «Էնտեղ հնարավորություն էր տրվում երեք անգամ հրաժարվել։ Երրորդը կլիներ ճակատագրական։ Բայց, քանի որ պետությունն էլ բնակարաններ ձեռք էր բերում տարբեր վայրերում, շատ հաճախ մանկատան շրջանավարտին պարզապես տեխնիկապես, ֆիզիկապես հարմարավետ չէր էդ բնակարանում ապրելը։ Եվ քանի որ հերթացուցակում էլ շուրջ երեք հարյուր շրջանավարտ սպասում էր, և տվյալ պարագայում Մհերի բնակարանը տրվեց երկու երեխայի, որոնք մանկատան շրջանավարտ էին, ամուսնացել էին և ունեին անչափահաս երեխա»։

Մնացականյանը շեշտում է, որ բնակարաններից հրաժարված մանկատան սաները շատ չեն՝ մի քանի հոգի, և նրանց հարցը լուծելը պետության համար չպետք է բարդ խնդիր դառնա։ Մհեր Ավագումյանը, ըստ նրա, բնակարանային հերթացուցակում է եղել, և դա հնարավոր է պարզել հենց նախարարության արխիվից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ տարի հայտարարեց, որ մանկատան շրջանավարտները կստանան բնակարան գնելու հավաստագրեր՝ 6 միլիոն 300 հազար դրամի չափով։ Մինչև 2013 թվականը հերթագրված և դրանից հետո մանկատնից դուրս եկած ու առանց ծնողական խնամքի մնացած մանկատան շուրջ 300 սաների մասին էր խոսվում։

Մհեր Ավագումյանը չի հասկանում, թե ինչու է ինքը դուրս մնում ծրագրից, եթե փաստացի անօթևան է: Գրավոր մերժումից հետո կգնա նախարարություն՝ մանրամասները բանավոր պատմելու. - «Իրանց նպատակը մարդուն դրսից, փողոցից, ավտոմոյկից, որտեղ որ մարդիկ ապրում են... էդ մարդկանց հարցերը լուծելն ա։ Հույս ունեմ, իմ հարցն էլ հաշվի կառնեն»։

Բախտակից ընկերոջը աջակցելու համար ավտոլվացման կետ էր եկել նաև Արտակ Սարգսյանը։ Նա ասաց, որ նախարարության նոր նախաձեռնությունը ողջունում են, բայց նաև հուշում են, որ պետք է ոչ թե թղթի վրա գրված չափորոշիչներով տուն տան կամ չտան, այլ գնահատեն մարդու իրական կարիքը. - «Մենք ուզում ենք հուշենք մարդկանց, որ իրանք էլ, ասենք, կարծիքը հաշվի առնեն, որպեսզի սոցիալական արդարությունը պաշտպանվի, որպեսզի իրական կարիքավորին տան։ Մասնագիտական խումբ ա պետք, պրոֆեսիոնալների խումբ ա պետք, որ շրջանավարտի կարիքավորության աստիճանը որոշեն, նոր ընդգրկեն ծրագրում»։

Արտակ Սարգսյանը մեկ այլ խնդիր էլ է շեշտում. այս նոր բնակարանների հավաստագրերի տրամադրման ծրագրից օգտվում են նրանք, ում 18-ը մանկատանն է լրացել։ Նրա խոսքով, շատերն են նախկինում ավարտական դասարաններից ուսումնարան կամ գիշերօթիկ գնացել, նրանք առանց ծնողական խնամքի չե՞ն։

Ի դեպ, Մհեր Ավագումյանին նաև այս հիմքով էին մերժել, այնինչ նա բանակ է մեկնել հենց մանկատնից, 18 ը լրանալուց հետո։

Նախարարությունից նոր ու դրական պատասխանի են սպասում։ Մհեր Ավագումյանը հույս ունի, որ կստանա 6 միլիոն դրամը ու աշխատավայրին մոտ որևէ կացարան կգնի։ Տարածքը, որտեղ ապրում է 13 տարի, 4,5 քառակուսի մետր է, մեքենաների լվացման սրահին կից։ Այստեղ շատ բան հնարավոր չէ անել, կուչ եկած պառկել, կամ կուչ եկած նստել։ Իսկ երիտասարդ, աշխատող տղան ծրագրեր ունի, օրինակ՝ ամուսնանալ. - «Դե որ տուն ըլներ, շուտվանից արդեն ընտանիք կազմած կլինեի»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG