Մատչելիության հղումներ

86 տարվա դադարից հետո Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ կատարվեց


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը (կենտրոնում) և բարձրաստիճան պաշտոնյաները Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ժամանակ, Ստամբուլ, 24-ը հուլիսի, 2020թ.

86 տարվա դադարից հետո՝ այսօր, Այա Սոֆիայի մինարեթներից աղոթքի կանչ՝ ազանի ձայն հնչեց և ուրբաթօրյա աղոթք՝ նամազ կատարվեց: Տասնամյակներ շարունակ թանգարանի կարգավիճակ ունեցող ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի հռչակավոր տաճարը այսօր վերաբացվեց որպես մզկիթ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարական կաբինետի, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի հետ միասին մասնակցեց առաջին աղոթքի արարողությանը:

Թուրքիայի տարբեր անկյուններից Ստամբուլ եկած հազարավոր հավատացյալներ վաղ առավոտից հավաքվել էին Այա Սոֆիայի մերձակայքում ու ծնկելով մզկիթի ամբողջ տարածքում՝ միացել աղոթքին։ Հավաքվածները միջոցառմանը հետևում էին դրսում տեղադրված հսկա էկրանների միջոցով:

6-րդ դարում կառուցված երբեմնի եկեղեցում աղոթքի համար կանաչ գորգ էր փռվել, իսկ տաճարի պատերը զարդարող քրիստոնեական սրբապատկերները ծածկվել էին վարագույրներով:

Ուշագրավ է, որ կրոնական կրթություն ստացած նախագահ Էրդողանն արարողության ընթացքում Ղուրանից հատվածներ ընթերցեց:

Միջոցառումից հետո, Կոստանդնուպոլիսը գրաված Ֆաթիհ սուլթան Մեհմեդի դամբարանը այցելած Էրդողանը ուրախությամբ նշեց, թե «Այա Սոֆիան ի վերջո վերադարձավ իր իսկական նշանակությանը»: Նա վստահեցրեց՝ «բոլոր կրոններին պատկանող մարդիկ կարող են այցելել Այա Սոֆիայի մեծ մզկիթ՝ որպես ողջ մարդկության մշակութային ժառանգություն»:

Չնայած ուղղափառ եկեղեցու առաջնորդների և արևմտյան ղեկավարների խիստ քննադատությանը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտավ Թուրքիայի պատմության մեջ Ստամբուլի գրավման խորհրդանիշը համարվող Այա Սոֆիան «վերադարձնելով հավատացյալ թուրքերին»:

Թուրքիայի լիբերալ շրջանակների համոզմամբ՝ այս քայլը լուրջ հարված է աշխարհիկ պետության հիմքերին: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր թվիթերյան էջում գրել է. - «Այսօր Այա Սոֆիայում գտնվող պետական վերնախավը ուրբաթօրյա նամազից հետո թող աղոթի նաև բազմազան Թուրքիայի թաղման համար»:

«Ակօս» շաբաթաթերթի սյունակագիր Սևան Դեյիրմենճյանի կարծիքով՝ Թուրքիայի պահպանողական իշխանություններն այս քայլով նպատակ են հետապնդում համախմբել ազգայնական և կրոնական ընտրազանգվածը:

«Այա Սոֆիայի այսօր մզկիթի վերածվելը, կարծում եմ, որ Թուրքիայի, այլևս պահպանողական Թուրքիայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի և AKP-ի [«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության]՝ իրենց ընտրազանգվածը ավելի ամուր պահելու քայլերից մեկն է, քանի որ համաշխարհային, ինչքան էլ որ ասեն, որ Թուրքիայի գերիշխանության արտահայտություններից մեկն է սա, ցավոք, մտածելակերպ է: Շատ լավ կհիշեք, որ Էրդողանը մինչև անցյալ տարի ասում էր, թե «պետք չկա Այա Սոֆիան մզկիթի վերածելու, քանի որ երկու քայլ անդին Սուլթան Ահմեդի մզկիթը կա, և այդ մզկիթը դատարկ է, ազատ է, ազատ տեղեր կան, չի լցվում, և ես երբեք չեմ բացելու Այա Սոֆյան, նման խաղերի չեմ գնա»՝ այդպես էր ասել, այդպես էր հայտարարել: Ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա մեջ, որ այսօր Էրդողանը նման խաղերի է գնում և այս քայլն է անում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սևան Դեյիրմենճյանը՝ շարունակելով. - «Անշուշտ, իր ազգայնական գործընկերը՝ MHP-ն [«Ազգայնական շարժում» կուսակցությունը], մեծ ազդեցություն պետք է որ ունեցած լինի, և ազգայնական, կրոնական, կրոնապաշտ սուննի այս ընտրազանգվածը ավելի կոնսոլիդացնելու, ավելի շարժման մեջ դնելու քայլերից մեկը որպես կարելի է մեկնաբանել Այա Սոֆիայի մզկիթի վերածվելը»:

Դեյիրմենճյանի խոսքով` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը վտանգում է նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքները: Թուրքիայի տարածքում բազմաթիվ եկեղեցիներ մզկիթ են դարձել, և այսօրվա իշխանության օրոք դրանք վերադարձնելու ջանքերն ապարդյուն են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG