Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել ՃՈ ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին. ՀՔԾ


Բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքեր, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

ՀՔԾ-ն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ա.Գ.-ի կողմից կաշառատուներից անձամբ կաշառքի առարկա հանդիսացող գումարները ստանալու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով պայմանավորվել են, որ Ս.Գ.-ն պետք է հավաքագրի քաղաքացիներին, նրանցից վերցնի կաշառքի գումարները և փոխանցի Ա.Գ.-ին:

Այնուհետև, համաձայն հաղորդագրության, Ս.Գ.-ն Շիրակի մարզում բնակվող իր բազմաթիվ ծանոթներին և մտերիմներին տեղեկացրել է կաշառքի դիմաց իր միջոցով վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, ինչից հետո մի շարք քաղաքացիներ անձամբ կամ միջնորդավորված կերպով փետրվար-մայիս ամիսների ընթացքում դիմել են նրան և կաշառքի դիմաց Ճանապարհային ոստիկանություն ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքից ստացել են վարորդական վկայականներ:

Քննչական և դատավարական գործողությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ փետրվար-մայիս ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքների 8 բնակիչներ պաշտոնատար անձին կաշառք տալով վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս.Գ.-ին, ով քաղաքացիներից հավաքագրել է 250 հազարից 300 հազարական դրամ գումարներ, որոնց մի մասը պահել է իրեն, իսկ 170 հազարական դրամները որպես կաշառք փոխանցել է Ա.Գ.-ին:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ստացած կաշառքի գումարների դիմաց Ա.Գ.-ն քաղաքացիներից տեսական քննություններ ընդունելու ժամանակ նրանց հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, պատշաճ չի ստուգել նրանց գործնական վարման հմտությունները, փոխարենը կազմել ու հանձնել է քաղաքացիներից տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին կեղծ արձանագրություններ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա.Գ.-ն ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում վարորդական վկայականներ տրամադրելու համար Ս.Գ.-ի օժանդակությամբ նույն ժամանակահատվածում երեք քաղաքացիներից ստացել է խոշոր չափերով՝ 400 հազար դրամ կաշառք:

Հուլիսի 24-ին Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (վեց դրվագ), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով (վեց դրվագ) և 3-րդ մասի 3-րդ կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (վեց դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG