Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք համայնքին պատճառել են 638 մլն դրամի վնաս. ՀՔԾ


Բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638 միլիոն 179 հազար 90 դրամի գույքային վնաս պատճառելու դեպք, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Համաձայն հաղորդագրության, հուլիսի 23-ին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) Ն.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նույն հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

ՀՔԾ-ն տեղեկացնում է՝ ըստ առաջադրված մեղադրանքի` Ն.Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638 միլիոն 179 հազար 90 դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսպես, Ն.Տ.-ն և Երևանի քաղաքապետարանի գույքն օտարելու իրավասություն ունեցող պաշտոնատար այլ անձինք, ձևական աճուրդների միջոցով ընդհանուր 26.955 քմ մակերեսով Երևան քաղաքի Ավան, Աճառյան հասցեի հիշյալ հողակտորներն ամեն կերպ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ Ն.Տ.-ն միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքում (www.azdarar.am) Երևան քաղաքի Աճառյան փողոցի հողակտորներն աճուրդով օտարելու վերաբերյալ ծանուցում հրապարակելու ուղղությամբ։

Բացի այդ, Ն.Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին։

Այնուհետև աճուրդի անցկացման կարգին վերաբերող՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ՝ աճուրդի մասնակիցների բացակայությամբ, Ն.Տ-ն հանձնաժողովի անդամների հետ 2015 թվականի հունվարի 19-ին կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։

Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով 808 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169 միլիոն 820 հազար 910 դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638 միլիոն 179 հազար 90 դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հուլիսի 23-ին Ն.Տ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG