Մատչելիության հղումներ

Թեև կենդանիների սպանդանոցային մորթը հուլիսի 1-ից պարտադիր է, Լոռու սպանդանոցները դեռ գրեթե պարապուրդի մեջ են


Միս երևանյան շուկաներից մեկում, արխիվ
Միս երևանյան շուկաներից մեկում, արխիվ

Կենդանիների սպանդանոցային մորթը հուլիսի 1-ից պարտադիր է, բայց Լոռու մարզի սպանդանոցներում դեռ դիմողների թիվն առանձնապես չի ավելացել:

Օձունի սպանդանոցի անասնաբույժ Հովհաննես Գալստյանն ասում է՝ նախկինի նման գրեթե պարապուրդի մեջ են: «Երևի էս կորոնայի պատճառով ա, թե ինչ պատճառով ա, չգիտեմ, սպրոս չկա, ոչ մեկը մեզանից պահանջ չի ներկայացրել դեռ մինչև էսօր», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Պարտադիր սպանդանոցային մորթի մասին Կառավարության՝ դեռ 2016 թվականին ընդունված որոշման ժամկետները երեք անգամ հետաձգվել էին: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հունվարից: Ըստ դրա՝ գյուղացին չէր կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառքի հանել: Այդուհանդերձ, գյուղացիները բողոքեցին, թե չկա սպանդանոցների անհրաժեշտ քանակ, և որ իրենք էլ պատրաստ չեն իրենց անասունը սպանդանոց հասցնել:

Վարչապետը հետաձգեց ժամկետը մինչև հուլիսի 1-ը՝ պայմանով, որ այս թեմային հուլիսի 2-ից սկսած չեն անդրադառնալու: «Ասֆալտի վրայից միս վաճառելը և էն հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ այսօր էլ անասնատերերը շարունակում են հրաժարվել սպանդանոցների ծառայություններից:

Քարինջ գյուղում մասսայական մորթը աշնանը կսկսվի: Մինչև հիմա գյուղացիները կա՛մ իրենք են մորթում անասունին ու հասցնում մսի վաճառքի կետեր, կա՛մ միջնորդներն են գալիս, գյուղացուց առնում ու տանում վաճառքի:

Քարինջի անասնատերերն ասում են՝ սպանդանոցները պարտադիր դարձնելը մեծ վնաս կլինի քիչ քանակի անասուն ունեցողների համար. ստիպված պետք է լինեն իրենց մեկ-երկու գլուխ անասունին սպանդանոց հասցնելու համար տեղափոխման ծախս անել և 5-ից 10 հազար դրամ վճարել սպանդանոցին ծառայության համար:

«Էլ էդ խոզիցն ի՞նչ կմնա, որ տանենք, իրանք թող գան տանեն, էլի: Թող իրանք գան, խոզը տենան՝ առողջ ա, բժշկով, բանով, մեր փողը ինչ հասնում ա՝ տան, գնան», - «Ազատության» հետ զրույցում ասաց քարինջեցիներից մեկը:

Սպանդանոցներում պնդում են՝ երեք գլուխ կենդանուց ոչ պակաս թվաքանակի դեպքում մինչև 30 կիլոմետրը տեղափոխում են անվճար: Բայց փոքր թվաքանակի դեպքում իրենց էլ ձեռնտու չէ ճանապարհ կտրել, ծախս անել ու բիզնեսը վնասաբեր դարձնել:

Դարպաս գյուղում գործող սպանդանոցի տեր Արայիկ Հովսեփյանն «Ազատությանն» ասաց, որ հուլիսի 1-ից հետո իրենց դիմողների թիվն ընդամենը 10 տոկոսով է ավելացել, որովհետև անասնատերերից շատերն առաջվա պես ուղիղ մսավաճառների ու միջնորդների հետ են աշխատում: Նրա կարծիքով, խնդրի լուծումը պետք է սկսվի մսի վաճառքի կետերից. – «Պետք ա լրիվին արգելվի, որ մենք կարողանանք գինը ֆիքսենք, իրանց իմանան էդ գինն ա: Բերեն հանձնեն սպանդանոց, կամ բերեն, ծառայությունը մատուցենք` մորթենք, տանք իրանց, իրանք տանեն հանձնեն խանութին»:

Հովսեփյանի խոսքով, սպանդանոցային մորթի դեպքում գյուղացու ծախսը ընդամենը 3-4 տոկոսով է ավելանում, փոխարենը համոզված են լինում, որ իրենց անասունը լիարժեք ստուգված է ու մորթը կատարվել է հիգիենիկ պայմաններում. – «Դա նշանակում է, որ իրանք մտնում են հարկային դաշտ: Սպանդանոցը հարկ ա մուծում... Իսկ էդ կարգավիճակով իրանք հարկ չեն մուծում»:

Այսօր Լոռու մարզում գործում է 5 սպանդանոց, ևս 5-ը կառուցվում է:

XS
SM
MD
LG