Մատչելիության հղումներ

Հիվանդանոց է տեղափոխվել մալթացի հետաքննող լրագրող Կարուանա-Գալիցիայի սպանության գործով առանցքային վկան


Մալթա - Քննիչները և փորձագետները Մելվին Թեումայի տան մոտ, Սույեքի, 22-ը հուլիսի, 2020թ.
Մալթա - Քննիչները և փորձագետները Մելվին Թեումայի տան մոտ, Սույեքի, 22-ը հուլիսի, 2020թ.

Նախօրեին հայտնի է դարձել, որ լուրջ վնասվածքներով Մալթայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա-Գալիցիայի սպանության գործի առանցքային վկան՝ Մելվին Թեուման։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Թեուման հիվանդանոց է տեղափոխվել իրանի և պարանոցի շրջանում բազմաթիվ կտրվածքներով, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։

Հետաքննության ընթացքում Թեուման խոստովանել էր, որ Կարուանա-Գալիցիայի սպանությանը նախորդող շրջանում միջնորդի դեր է կատարել հանցագործության անմիջական հեղինակների և պատվիրատուների միջև։ Խոստովանական ցուցմունքների դիմաց Մալթայի նախագահը Թեումային ներում էր շնորհել։ Ակնկալվում էր, որ նա Վալետայի քաղաքային դատարանում մանրամասն ցուցմունքներով պետք է հանդես գար երեկ։

Մալթայի ոստիկանությունը հայտարարել է, որ Թեումայի վնասվածքների ամենահավանական պատճառը ինքնասպանության փորձն է։

Դաֆնե Կարուանա-Գալիցիան սպանվել է 2017 թվականի հոկտեմբերին, նրա մեքենան պայթեցվել էր։ Կարուանա-Գալիցիան Մալթայի ամենահայտնի հետաքննող լրագրողն էր, մահվանից մի քանի ամիս առաջ նա ծավալուն մի հետաքննություն էր հրապարակել Մալթայի այն ժամանակվա վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին։

XS
SM
MD
LG