Մատչելիության հղումներ

Բաքվից հերքում են մալթացի հետաքննող լրագրողի սպանության գործում «ադրբեջանական հետքի» առկայությունը


Հետաքննող լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիա, արխիվ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, կտրականապես հերքում է իր բարձրաստիճան աշխատակիցներից մեկի` Թուրաբ Մուսաևի առնչությունը մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի` 2017 թվականի աշնանը տեղի ունեցած սպանությանը: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանը այսօր հաղորդել են ընկերության կազմում գործող SOCAR Trading ընկերության պաշտոնական ներկայացուցիչները` պնդելով, որ լրագրողի սպանությունում ադրբեջանական հետքի առկայության մասին Մալթայի առաջատար լրատվամիջոցներում վերջին օրերին հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Մալթայում լույս տեսնող մի շարք պարբերականներ` մասնավորաբար Times of Malta օրաթերթը և Malta Today եռօրյան, վերջին շաբաթներին, վկայակոչելով նախաքննության մոտ կանգնած աղբյուրները, պնդում էին, որ երկրում ադրբեջանական էներգետիկ ընկերության շահերը ներկայացնող Մուսաևի անունը մի քանի անգամ հնչել է լրագրողի սպանության մեջ կասկածվող անձանց ցուցմունքներում:

Times of Malta պարբերականի լրագրող Այվեն Մարտինն, օրինակ, գրում է, որ հարցաքննության ժամանակ Կարուանա Գալիցիայի սպանության կազմակերպիչներից մեկը` Մելվին Թեուման, նշել է, որ սպանության գործով անցնող մալթացի պաշտոնյաներից մեկը` ElectroGas Malta ընկերության նախկին ղեկավար Յորգեն Ֆենեքը` «Թուրաբ» անունով մի տղամարդու հետ հանդիպել է Դաֆնե Կարուանա Գաիցիայի սպանությունից անմիջապես հետո»:

Մարտինը Twitter-ի իր էջում հրապարակել է նաև Մուսաևի էլեկտրոնային նամակներից մեկը, որից պարզ է դառնում, որ SOCAR-ի պաշտոնյան որոշիչ դեր է խաղացել Մալթայի խոշորագույն պետական էներգետիկ ընկերության գործունեության համակարգման հարցում:

Հասկանալու համար, թե ինչ շահեր է հետապնդում SOCAR-ը Ադրբեջանից ավելի քան 3000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մալթայում և ինչով կարող էր ադրբեջանական ընկերությանը խանգարել տեղացի ամենահայտնի հետաքննող լրագրողը, հարկավոր է վերհիշել այս երկու երկրների և դրանց ղեկավարների միջև վերջին տարիներին ձևավորված հարաբերությունների պատմությունը:

Բաքվի և Վալետայի հարաբերություններում շրջադարձային կետը 2014 թվականն էր: Ուղիղ հինգ տարի առաջ էր, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը պայմանագիր կնքեց, որով միջերկրածովյան այս երկիրը պարտավորվում էր 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում:

Մահվանից մի քանի ամիս առաջ` 2017-ի գարնանը, հրապարակված հետաքննության ընթացքում, սակայն, Կարուանա Գալիցիան պարզել էր, որ պայմանագիրը կնքելուց որոշ ժամանակ անց Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող, Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող, Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:

Հետաքննող լրագրողը նաև պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտը շաբաթական երկու անգամ 100 հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող այդ ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներն են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը:

Այսօր արդեն, նախաքննության մարմինների ձեռքում հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ SOCAR-ը մտադիր էր երկրի խոշորագույն Դելիրամայի էլեկտրակայանում թվային արժույթի` բիտքոիններ ստանալու, այսպես կոչված, «մայնինգի» գործընթաց սկսել, ինչը նախևառաջ շատ մեծ էներգետիկ հզորություններ է պահանջում:

Լրագրողը նաև պարզել էր, որ Ադրբեջանը, կատարելով 2014 թվականին կնքված պայմանագրի դրույթները, Մալթային էր վաճառում ոչ թե Կասպից ծովում արդյունահանված գազը, այլ վերավաճառում էր Shell ընկերությունից գնված հեղուկ գազը, ինչի հետևանքով, ըստ Կարուանա Գալիցիայի, շուրջ 40 միլիոն դոլար էր յուրացվել:

SOCAR-ի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ վերը հիշատակված առևտրային սխեման իր բնույթով կոռուպցիոն չէր:

«Եթե նույնիսկ ենթադրենք, որ մի օր նավթի պաշարները Ադրբեջանում կսպառվեն, միևնույն է SOCAR Trading ընկերությունը, միջազգային շուկայում իրականացվող գործարքների շնորհիվ կշարունակի երկրի բյուջեի համար եկամտի կարևորագույն աղբյուր մնալ», - Turan-ի լրագրողների հետ զրույցում նշել է ընկերության ներկայացուցիչներից մեկը:

Ինչ վերաբերում է Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությանը, ապա այս գործով այժմ երեք կասկածյալ է անցնում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ սպանության պատվիրատուն ElectroGas Malta ընկերության նախկին ղեկավար Յորգեն Ֆենեքն էր: Այդ ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը գտնվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ձեռքում է:

XS
SM
MD
LG