Մատչելիության հղումներ

Ուրուգվայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունները մերժում են Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ


Ուրուգվայի խորհրդարանի շենքը Մոնտեվիդեոյում
Ուրուգվայի խորհրդարանի շենքը Մոնտեվիդեոյում

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժեի Ազգային կուսակցության վարչությունը հատուկ հայտարարություն է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանում կատարվող պատերազմական գործողությունների կապակցությամբ: Ավանդական ազգային «Ճերմակ» իշխող կուսակցությունը կոչ է արել երկու կողմերին հարգել միջազգային պայմանավորվածությունները և խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հիմնված ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի վրա:

Իր հերթին, իշխանության մաս կազմող մյուս ավանդական «Կոլորադո» կուսակցության գործադիր կոմիտեի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ մերժվել են, և կոչ է արվում դադարեցնել պատերազմական հռետորաբանությունը և բանակցությունների միջոցով հասնել խաղաղության: «Կոլորադո» կուսակցությունը, որն իշխել է Ուրուգվայում ավելի քան մեկ դար, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին, ով իրավունք ունի ազատության և խաղաղության պայմաններում իրագործել իր ինքնիշխանությունը:

Ընդդիմադիր ձախակողմյան «Ժողովրդական միավորում» կուսակցությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ ադրբեջանական այս հարձակումները լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ են պարունակում մի տարածաշրջանում, որտեղ մշտապես անկայունություն է տիրում: Հայ ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու, և չպետք է մոռանալ, որ ամբողջ մարդկությունը պարտք ունի հայ ժողովրդի հանդեպ, որի դեմ իրագործվել է ցեղասպանություն անցյալ դարի սկզբին, նշում է «Ժողովրդական միավորում» կուսակցությունը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով, ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG