Շաման Ալեքսանդր Գաբիշևը, ով սպառնում էր Յակուտիայից ոտքով հասնել Մոսկվա և «քշել նախագահ Պուտինին Կրեմլից», դուրս է գրվել հոգեբուժարանից:
Հոգեբուժական փորձաքննության արդյունքներից հետո հանձնաժողովը որոշել է, որ Գաբիշևին հիվանդանոցում հարկադիր պահելու անհրաժեշտություն չկա, հայտարարել է իրավապաշտպան Ալեքսեյ Պրյանիշնիկովը: Շամանին հոգեբուժարան ուղարկելու որոշում էր կայացրել դատարանը հունիսի 2-ին, մինչ այդ բուժհանձնաժողովը պնդել էր, որ Գաբիշևը «վտանգավոր է իր և շրջապատի համար»:
Անցած տարի ռուսաստանյան իրավապահները շամանին ձերբակալել էին, երբ վերջինս Յակուտիայից քայլերթ էր սկսել դեպի Մոսկվա` Ռուսաստանը «Պուտինից ազատելու համար»:
Նախորդ անգամ նրան ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեղադրանք էր առաջադրվել, դատախազության պատվերով անցկացված փորձաքննությունն էլ պնդել էր, թե նա հոգեկան շեղումներ ունի: Չնայած քրեական հետապնդմանը` Ալեքսանդր Գաբիշևը հայտարարել էր, թե առաջիկա հունիսից վերսկսելու է քայլերթը դեպի Մոսկվա: